Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ` կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նախարարությունների, գերատեսչությունների և մարզպետարանների գործունեության արդյունքների գնահատման մեխանիզմներն ու հայտանիշերը:
Վարչապետը նշել է, որ գնահատման հայտանիշերի թվում կարևորագույններից մեկը լինելու է ներդրումային ցուցանիշը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին:
«Դուք պետք է մինչ տարեվերջ ներկայացնեք կոնկրետ հայտանիշերով առաջարկություններ՝ գնահատելու գերատեսչության աշխատանքը, որոնց մեջ պետք է սահմանված լինի նաև տարեկան ներդրումային ծրագիրը»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է ներդրումներ ներգրավվելու ուղղությամբ գերատեսչությունների աշխատանքը և նշել, որ այդ հարցին պետք է ցուցաբերել համակարգային մոտեցում:
«Անհրաժեշտ է պարբերաբար հանդիպել ներդրողների հետ, ցուցաբերել բիզնես մոտեցում, փոխել ներդրումային մթնոլորտը: Մենք ունենք պոտենցիալ ներդրողներ, որոնց պետք է խրախուսել՝ ներգրավվելու տարբեր ծրագրերում»,- շեշտել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ ձևավորվելու է նաև մարզի անձնագիր, որով բնութագրվելու է մարզը, ներկայացվելու են զարգացման ուղղություններն ու առավելությունները: Վարչապետի խոսքով՝ մարզպետարանների գործունեության հիմնական ուղենիշերը պետք է հիմնված լինեն մարզի անձնագրի վրա: Այժմ քայլեր են ձեռնարկվում՝ մարզերում ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ:
«Եկել ենք այն գաղափարին, որ յուրաքանչյուր մարզ պետք է ունենա իր անձնագիրը, համայնքային ծրագիրը, և մարզպետը պետք է պատասխանատու լինի, թե ինչքան ներդրում է կատարվել իր տարածքում, ինչը կնպաստի ներդրումային միջավայրի զարգացմանը»,- ասել է գործադիրի ղեկավարը:
Կարեն Կարապետյանը խորհրդակցության մասնակիցներին հանձնարարել է գործունեության գնահատման հայտանիշերի հետ կապված սեղմ ժամկետներում ներկայացնել համապատասխան առաջարկություններ: