Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Լոռու մարզում մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանին։
Ներկայացնելով նորանշանակ մարզպետին և շնորհակալություն հայտնելով նախորդ մարզպետին կատարած աշխատանքի համար` նախարար Պապիկյանը կարևորել է ներկաների դերակատությունը պետության հետագա զարգացման գործում` ընդգծելով համայնք, մարզպետարան, կառավարություն կապի նշանակությունը, միաժամանակ հավելելով, որ այս գործընթացում առանցքային է իշխանության անցնցում փոխանցումը։
Անդրադարձ կատարելով ՏԻՄ-երի աշխատանքի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը՝ նախարարը նշել է. «Ունենալով իրավունքներ՝ մենք պետք է հիշենք նաև, որ ունենք պարտականություններ մեր քաղաքացիների, մեր համայնքների բնակիչների առջև: Ձեր թափանցիկ գործունեությունը պետք է դառնա վաղվա Հայաստանի ամուր հիմքը»։ Նա հորդորել է համայնքներում ավելի հասանելի դարձնել կատարված աշխատանքների, սեփական եկամուտների հավաքագրման, գնումների, որոշումների կայացման գործընթացները:
Նախարարը տեղեկացրել է համայնքների օտարվող հողերի առցանց հարթակի ստեղծման նախաձեռնության մասին, ըստ որի տարվա ընթացքում օտարման ենթակա համայնքային հողերի և անշարժ գույքի մասին ամբողջ տեղեկատվությունն առցանց հասանելի կլինի: Սրանով կբացառվեն տարվա ընթացքում օտարման մասին ավագանու կողմից ընդունվող կամայական որոշումները, ինչպես նաև կհեշտացվեն այս կամ այն համայնքում ներդրումներ կատարելու ցանկություն ունեցողների կողմից տեղեկատվություն ստանալու գործընթացները:
Նախարար Պապիկյանը ընդգծել է նաև մարզերի զարգացման բիզնես-պլանների պատրաստի փաթեթներ ունենալու անհրաժեշտությունը` ներդրում կատարելու ցանկություն ունեցողներին գործնական առաջարկների փաթեթներ ներկայացնելու նպատակով և շեշտել, որ առաջիկայում յուրաքանչյուր մարզ առնվազն 10 ծրագիր պետք է ներկայացնի նախարարություն: Նախարարը հորդորել է ներկաներին իրենց գործունեության առանցքը դարձնել ՀՀ սահմանադրությունը և օրենքի գերակայությունը և հաստատակամորեն առաջնորդվել պետական շահի գերակայության գիտակցումով։
Նորանշանակ մարզպետ Հրանտ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կարվի հնարավորը` մարզի համաչափ զարգացման, իր առջև դրված խնդիրների լուծման ուղղությամբ: