Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարը նախ շնորհավորել է աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վերջինիս մաղթել արգասաբեր գործունեություն: Այնուհետև Լևոն Մկրտչյանն աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ: Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում է անցնել ծրագրային բյուջեի, ապա պետք է հստակեցնել բոլոր միջնաժամկետ ծախսերը, վերանայել նախատեսվող ծրագրերի բաշխման համամասնությունը` դրանք կապելով Կրթության զարգացման պետական ծրագրի հետ: Լևոն Մկրտչյանը նաև առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը: Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով:
Լևոն Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա : Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ:
«Կոլեգիայի նիստում պետք է քննարկվեն բավականին լուրջ հարցեր: Առհասարակ, կոլեգիան պետք է լինի նախարարության դեմքը և ուժ տա նրան: Առկա է կոլեգիայի հեղինակության բարձրացման խնդիր»,-նշել է նախարարը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման հնարավորության, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության, տնօրենների հավաստագրման, ուսուցիչների տարակարգի, ոչ պետական բուհերի գործունեության վերաբերյալ այլ հարցեր: