կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 17:07
Քաղաքական

Անչափ կարևորում եմ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը. Արփինե Հովհաննիսյան

Անչափ կարևորում եմ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը. Արփինե Հովհաննիսյան

Այսօր Արփինե Հովհաննիսյանը, նախագահի հրամանագրով, վերանշանակվեց արդարադատության նախարարի պաշտոնում: Նշանակման պահին նախարարը գտնվում էր Ազգային ժողովում և զեկույց էր ներկայացնում: ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը շնորհավորեց նախարարին վերանշանակման կապակցությամբ:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ վերանշանակվեց, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ նշանակող սուբյեկտը ինքը չէ, չի կարող ասել, թե ինչուց: Արդարադատության նախարարության` իր տեսլականի մասին էլ ասաց, որ այն ներառված կլինի կառավարության ծրագրում: Իսկ թե ի՞նչ նոր առաջադրանքներ է ստացել, դա նույնպես, նախարարի խոսքով, ներառված կլինի կառավարության ծրագրում: Նա ոչինչ չներկայացրեց` հորդորելով սպասել կառավարության ծրագրի ներկայացմանը:

Հարցին, թե ինչպե՞ս է պատրաստվում պայքարել դատական համակարգի արատավորության դեմ, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ արդարադատության նախարարը դատավորների նկատմամբ ներգործության լծակներ չունի, բացի կարգապահական վարույթներ սահմանելուց: Ինչ վերաբերում է ՔԿՀ-ներին, ապա այդտեղ անելիքներ կան:

Հարցին, թե ինչո՞ւ նախարարը, նախորդ կառավարությունում լինելով հակակոռուպցիոն մարմնի անդամ, չբարձրաձայնեց Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Խաչատրյանի հայտարարագրերում նշված հսկայական ունեցվածքի ծագման վերաբերյալ կասկածների մասին, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ այդ կասկածները պետք է առաջանան ոչ թե արդարադատության նախարարի, այլ իրավապահ մարմինների մոտ, իսկ, որպես հակակոռուպցիոն մարմնի անդամ, ինքը նման լիազորություններ չունի:

Առաջիկայում արարադատության նախարարությունը խորհրդարանին է ներկայացնելու մի շարք օրինագծեր: Առաջինը վերաբերելու է ապօրինի հարստացման քրեականացմանը, երկրորդը՝ իրական սեփականատերերի բացահայտմանը, ևս մեկը` հակակոռուպցիոն մարմնի հետ կապված քննարկումներին: Իսկ թե ինչպե՞ս են բացահայտելու ապօրինի հարստացումը, նախարարը նշեց, որ օրենսդրական փոփոխություններից հետո իրավապահ մարմիններն ունենալու են գործիքներ` ապօրինի հարստացումը բացահայտելու համար:

«Անչափ կարևորում եմ հակակոռուպցիոն մարմնի գործունեությունը, որը պետք է ունենա լծակներ: Հատվածային լուծումներով արդյունքի չենք հասնելու: Ինչ վերաբերում է նվիրատվությունների ու փոխառությունների կասկածելի բնույթին, մենք այդ հարցը ուշադրության կենտրոնում ենք պահում, մշակվում են մեխանիզմներ: Որոշակի գումարից բարձր ցանկացած գործարք, փոխառություն պետք է լինի անկանխիկ, որովհետև կանխիկի շրջանառությունը դժվար է վերահսկել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: