կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-23 21:30
Քաղաքական

Գյուղատնտեսության նախարարությունն էլ պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի. ՀՀԿ-ական

Գյուղատնտեսության նախարարությունն էլ պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի. ՀՀԿ-ական

Հանրապետական խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը,  Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով որոշ նախարարների` հանրությանը ծանոթ չլինելու հանգամանքին, նշեց, որ թեև նորանշանակ նախարարներից ոմանք հանրությանը ծանոթ չեն, նրանց կենսագրությունը հանրային չէ, այնուամենայնիվ, դրական է այն փաստը, որ այդ անունները շահարկումներից հեռու են:

«Հանրությանը նրանք ծանոթ չեն` որպես քաղաքական գործիչներ, սակայն այն մարդիկ, ովքեր ծանոթ են նրանց մասնագիտական ունակություններին, նրանց աշխատանքին, նրանց կենսագրությանը,  շատ բարձր կարծիքի են այդ մարդկանց մասին: Որպես քաղաքական գործիչներ` նրանք հանրահայտ չեն ու խնդիրը նրանում չէ` սա լա՞վ է, թե՞ վատ. ամեն ինչ կախված է, թե հետագա իրենց աշխատանքը ինչպես կընթանա»,- նշեց Ալեքսանյանը:

Ըստ պատգամավորի` սրանք ընտրություններին ընդառաջ փոփոխություններ չեն, այլ բարեփոխումների շարունակությունն են:

Խոսելով կառավարությունում տեղի ունեցող կառուցվածքային փոփոխությունների մասին` Ալեքսանյանը կարծիք հայտնեց, որ այսօր շատ-շատ նախարարություններ հնից եկած անվանումներով են, և բովանդակությունը երբեմն չի համապատասխանում նախարարության անվան հետ:

«Օրինակ, գյուղնախարարություն ենք չէ՞ ասում, բայց հողը գյուղնախարարությանը չի, ջուրը գյուղնախարարությանը չի: Գյուղնախարարությունն էլ պետք է կառուցվածքային փոփոխությունների ենթարկվի, ավելի հզորանա, որպեսզի ինքը կարողանա  խնդիրներ լուծել: Գյուղատնտեսությունն առանց հողի ու ջրի չի կարող լինել»,- ասաց պատգամավորը, հավելելով` ես կառաջարկեի նույն բանը արվեր գյուղատնտեսության բնագավառում, եթե նա մնում է որպես գյուղատնտեսության նախարարություն, ուրեմն պետք է ամբողջ գյուղատնտեսության հետ կապված օղակները լինեն գյուղնախարարության հսկողության տակ:

Ըստ Ալեքսանյանի` վարչապետի ամբողջ տրամաբանությունը այնպիսին է, որ անունը համապատասխանեցնի բովանդակությանը և նաև կառավարման համակարգում որոշակի փոփոխություններ մտցնի: «Ես համաձայն եմ, որ իրոք այսօր քաղաքաշինություն որպես այդպիսին բարդ բան է, այդ ֆունկցիան պետությունը չի անում, մասնավոր ձեռնարկություններն են անում 70, 90 և ավելի տոկոսով: ժամանակին, քաղաքաշինության նախարարության ամբողջ ֆունկցիան պետության վրա է եղել, այսօր մասնավորներն են անում: Բնական է քաղաքաշինության նախարարությունը կոմիտեի վերածելը»,- նշեց նա: