կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-26 17:39
Քաղաքական

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխությունների հարցը քննարկման փուլում է

ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխությունների հարցը քննարկման փուլում է

Օրերս համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ  նոյեմբերի 28-ին լրանում է ՀՀ ոստիկանության հետ կնքված շուրջ 7000 կառույցների (նաև մասնավոր) պահպանության պայմանագրերի ժամկետը, և այդ պայմանագրերը չեն երկարացվելու ՀՀ ոստիկանության կողմից, քանի որ դեռևս չի նշանակվել ՀՀ ոստիկանության պետ: Այս համատեքստում նաև ասվում էր, որ այս ամենի արդյունքում ՀՀ ոստիկանությունում լինելու են կրճատումներ, իսկ 7000 կազմակերպություններին ուղղորդելու են պայմանագիր կնքել վերջերս բացված մասնավոր կազմակերպության հետ:

Yerkir.am-ը հարցում էր արել ՀՀ ոստիկանություն՝ պարզելու՝ արդյո՞ք տարածված տեղեկությունը համապատասխանում է իրականությանը:

ՀՀ ոստիկանության նոյեմբերի 26-ի՝ մեր խմբագրության հարցումներին ուղղված պատասխանում մասնավորապես նշվում է, որ  ՀՀ ոստիկանության պետը որևէ կազմակերպության հետ պահպանության պայմանագրեր չի կնքում, և այդ գործառույթը պատվիրակված է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետին:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը հստակեցրել է, որ համացանցում տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում, և ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում կառուցվածքային փոփոխություններ կատարելու վերաբերյալ հարցը դեռևս գտնվում է քննարկման փուլում:

Վարչությունից միաժամանակ հայտնում են, որ, եթե ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում առանձին հաստիքների կրճատման հետևանքով լինեն ազատված աշխատակիցներ, ապա նրանց, առաջնահերթության կարգով, կառաջարկվի համալրել ՀՀ ոստիկանությունում առկա թափուր աշխատատեղերը: «Այն անձինք, որոնք չեն ցանկանա նշանակվել ՀՀ ոստիկանության համապատասխան պաշտոններում, մասնավոր պահնորդական ընկերություններում աշխատանքի ընդունվելու հնարավորություն նույնպես կունենան»,- ասվում է պատասխանում:

Նարա Մարտիրոսյան