Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն 29-ամյա աղջիկը՝ Աննան, որին վարչապետ Կարեն Կարապետյանն իր հրամանագրով ազատեց վարչապետի օգնականի պաշտոնից, «Ֆեյսբուք»-ի իր էջում իր պաշտոնանկության կապակցությամբ, ավելի ճիշտ՝ Կարեն Կարապետյանի վերաբերյալ գրել է. «Կարեն Կարապետյան, Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրերին առհասարակ տարբերակելու համար. Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետեւանք են Ձեր կարծրատիպային եւ անհեռանկար գործելաոճի: Եւ ես էլ Ձեզ, պարոն նախկին քաղաքապետ, մաղթում եմ լավ տրամադրություն»: Այսքանը:
Թե որքանո՞վ է 29-ամյա Աննան կարողացել, այս մտքերը գրելով, օգնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որի օգնականն էր 2014-ի հուլիսի 1-ից, դժվար է ասել, մանավանդ, որ, այս մտքերը գրելով, Աննան դժվար թե Հովիկ Աբրահամյանին օգնեց: Գուցե չի էլ ցանկացել. այնքան նեղված է աղջիկը` նեղված-հուզված, չնայած պրոֆեսիոնալները աշխատանքից ազատվելուց չեն նեղվում, որովհետեւ պրոֆեսիոնալների կարիք միշտ կա: Այլ հարց է, որ միշտ չէ, որ վարչապետի օգնականները պրոֆեսիոնալ են լինում, կամ պրոֆեսիոնալները ցանկանում են վարչապետի օգնական աշխատել: Ինչեւէ:
Հասկանալի է, որ Աննան չէր ցանկանա թողնել իր աշխատանքը` անկախ նրանից` նոր վարչապետը պրոֆեսիոնալներին տարբերակելու համար բավականաչափ պրոֆեսիոնալիզմ ունի՞, թե՞ ոչ: Կապ չունի` ինքը սրանից հետո Աբրահամյանի՞ն էր օգնելու, թե՞ Կարապետյանին, կապ ունի եկամուտը, ավելի ճիշտ` դրա կտրուկ աճը՝ պաշտոն ստանալուց հետո /3 մլն դրամից դարձել էր 10 մլն դրամ/, ինչից ոչ ոք, այդ թվում՝ Աննան չի ցանկանում զրկվել: Բայց, արի ու տես, որ նոր վարչապետը բավականաչափ պրոֆեսիոնալիզմ չցուցաբերեց ու պրոֆեսիոնալ, պետական համակարգում աշխատանքի էական փորձ «ունեցող» Աննային ազատեց աշխատանքից:
Դատելով նրա վերոհիշյալ ֆեյսբուքյան գրառումից` հիմա 29-ամյա աղջիկը լավ տրամադրություն չունի, բայց այնքան վեր է այս ամենից, այնքան թքած ունի այս ամենի վրա, այնքան չի կարեւորում այս ամենն ու այնքան բարեկամորեն է տրամադրված Կարեն Կարապետյանի ու նոր կառավարության հանդեպ, որ բարի տրամադրություն է մաղթում Կարեն Կարապետյանին` ընդգծելով, որ ինքն այնքան մեծ է/տարիքով/, որ հիշում է, որ Կարեն Կարապետյանը մի քանի տարի առաջ Երեւանի քաղաքապետն էր:
Չի բացառվում, որ Աննան առաջիկայում նոր կուսակցություն բացի, որը կկոչվի ԱՊԿ՝ Ազատված պրոֆեսիոնալների կուսակցություն, հասկանալի է՝ ընդդիմադիր, ու կպայքարի մեր երկրի բարեկեցության համար, ինչը թույլ չեն տալիս «այս ապիկար իշխանությունները», մանավանդ՝ «ապիկարագույն կառավարությունը», որտեղ, ինչպես կնշեն կուսակցության ներկայացուցիչները՝ «աշխատում են ոչ պրոֆեսիոնալներ»:
Կարծում եմ` նման կուսակցությունը, եթե համակիրներ, ընտրողներ շատ չունենա, ապա անդամների պակաս երբեք չի զգա, մանավանդ, որ կառավարություն փոխելը մեզանում հաճախակի տեղի ունեցող գործընթաց է, եւ ամեն նոր վարչապետ չի ցանկանում, որ իրեն օգնեն նախկին վարչապետի օգնականները, օգնեն կամ էլ խորհուրդ տան:
Իրականում, եթե` լուրջ, ապա նոր վարչապետ Կարեն Կարապետյանը լավ կանի` կառավարությունում նոր հաստիք բացի՝ օգնականի օգնական: Նա կօգնի օգնականին՝ դուրս գալ սթրեսային վիճակից, եթե հանկարծ կառավարության, վարչապետի կամ այլ պատճառով օգնականն ազատվի պաշտոնից, հուշելով, որ ամեն ինչ կանցնի, քանի որ ամեն բան անցնում է:
Հովիկ Աֆյան