կարևոր
271 դիտում, 13 րոպե առաջ - 2026-11-24 23:28
Հասարակություն Քաղաքական Իրավական

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենը հայտնում է.

«Արցախի ցեղասպանության հետքերը տանում են միջազգային ֆինանսական և քաղաքական համակարգերի խորքը. հարցաքննության ժամանակն է

I. Հիմնական խնդիրը

Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը միայն հայ ժողովրդի պատմական ցավը չէ, այլ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային արդարադատության լրջագույն խնդիր։ Այն չի կարող «քնել» քաղաքական հայտարարությունների, դիվանագիտական արձագանքների կամ միջազգային կառույցների հերթական մտահոգությունների փոշոտ արխիվներում։

Արցախի հայաթափման, քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումների, ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ փաստերն ու դրանց իրավական գնահատման հիմքերը պետք է ուսումնասիրվեն ամբողջական, անկախ և իրավական չափանիշներին համապատասխան գործընթացի շրջանակներում։ Այդ քննությունը պետք է ընդգրկի 2020–2023 թվականների իրադարձությունները, 2022–2023 թվականների շրջափակումը, սովի կիրառումը, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական հարձակումը և մոտ 150 հազար արցախահայերի բռնի տեղահանումը՝ պարզելով հրաման տվողներին, իրականացնողներին, քաղաքական պատասխանատուներին և հնարավոր հանցակիցներին։

Արդարադատությունը չի կարող փոխարինվել հայտարարություններով։ Այն պահանջում է փաստերի համակարգված հավաքագրում, ապացույցներ, անկախ քննություն, իրավական գնահատական, պատասխանատվության հստակեցում և համապատասխան իրավական ընթացակարգերի նախաձեռնում։

II. Միջազգային լրագրողական հետաքննություններ, ֆինանսական հետքեր և քաղաքական ազդեցության հնարավոր մեխանիզմներ

Վերջին շրջանում հրապարակված միջազգային լրագրողական բացահայտումներն ու արտահոսքերը կրկին ուշադրություն են հրավիրում Ադրբեջանի հետ առնչվող ֆինանսական հոսքերի, միջազգային բանկային համակարգի, օֆշորային ու միջնորդավորված գործարքների և քաղաքական ազդեցության հնարավոր մեխանիզմների վրա։ Այդ ֆինանսական և աշխարհաքաղաքական կապերը դիտարկելիս՝ բացահայտումները հատկապես սրում են հարցը, թե ինչպես են խոշոր դրամական հոսքերն ու ոչ պաշտոնական ազդեցության գծերը միահյուսվում տարածաշրջանային քաղաքականությանն ու մարդու իրավունքների կոպիտ խախտումների անպատժելիությանը։

1. Հոլանդական հետախուզության հետ կապվող տեղեկություններ, Քուշների և Ադրբեջանի միջով անցնող ենթադրյալ ֆինանսական հոսքեր. Միջազգային լրագրողական հրապարակումներում, մասնավորապես՝ Ջարեդ Քուշների ֆինանսական և քաղաքական կապերի վերաբերյալ հետաքննություններում, ներկայացվել են պնդումներ հոլանդական հետախուզության հետ կապվող տեղեկությունների մասին, ըստ որոնց՝ Ադրբեջանի բանկային համակարգի միջոցով Քուշների հետ կապվող հաշիվներին կարող էին փոխանցվել հարյուրավոր միլիոնների գումարներ։ Հրապարակումներում քննարկվում են նաև Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի և Իսրայելի հետ կապվող խոշոր ֆինանսական հոսքերի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Մերձավոր Արևելքի միջև ոչ պաշտոնական դիվանագիտական ու գործարար կապերի վերաբերյալ հարցեր։ Այս տեղեկությունների առնչությամբ Քուշները և նրա ներկայացուցիչները կտրականապես հերքել են մեղադրանքները՝ նշելով, որ դրանք չեն հաստատվում ստուգելի փաստաթղթերով։ Հետևաբար, նշված տեղեկությունները պետք է դիտարկվեն որպես լրագրողական հրապարակումներում ներկայացված, դեռևս անկախ փաստաթղթային ու իրավական ստուգման ենթակա պնդումներ։ Դրանց շուրջ ծավալվող հարցերը, ինչպես նաև Քուշների գործարար միջավայրի, Սթիվ Վիթկոֆի, Արիե Լայթսթոունի, Դեյվիդ Ֆրիդմանի և դեռևս 2017 թվականից քննարկված Trump Tower Baku նախագծի հետ կապված հանգամանքները պահանջում են առանձին, անկախ և փաստաթղթային ուսումնասիրություն։

2. Գերմանական բանկային հետաքննությունները (ZDF / «Inside Deutsche Bank»). Գերմանական ZDF հեռուստաընկերության «frontal» հաղորդման՝ 2026 թվականի նոյեմբերի 17-ին հրապարակված «Inside Deutsche Bank» հետաքննությունը, որը հիմնված է Deutsche Bank-ի ավելի քան 15 միլիոն ներքին փաստաթղթերի, այդ թվում՝ ավելի քան 9 միլիոն էլեկտրոնային նամակների ուսումնասիրության վրա, բացահայտում է բանկի ներքին նախազգուշացումների անտեսման, բարձր ռիսկային հաճախորդների հետ գործարար հարաբերությունների շարունակման և ֆինանսական վերահսկողության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ փաստեր։ Հետաքննությունը նաև նոր տեղեկություններ է ներկայացնում բանկի՝ Ջեֆրի Էպշտեյնի հետ ունեցած գործարար հարաբերությունների, վիճահարույց ֆինանսական գործարքների և հնարավոր փողերի լվացման ցանցերի վերաբերյալ։ Այս բացահայտումները լրացուցիչ հիմք են միջազգային ֆինանսական համակարգում կասկածելի գործարքների, դրանց իրական շահառուների և վերահսկողության մեխանիզմների ուսումնասիրության համար։

3. «Էպշտեյնի ֆայլերի» բացահայտումները և միջազգային քաղաքական-գործարար կապերի ուսումնասիրության անհրաժեշտությունը. «Էպշտեյնի ֆայլերի» հրապարակման և դրանց շուրջ ծավալված լրագրողական ուսումնասիրությունների ընթացքում ի հայտ եկած տեղեկությունները լրացուցիչ ուշադրություն են հրավիրում միջազգային ազդեցիկ անձանց, քաղաքական-գործարար միջնորդների և ֆինանսական կապերի ուսումնասիրության անհրաժեշտության վրա։ Ադրբեջանի, Բաքվի և միջազգային քաղաքական շրջանակների հետ կապվող առանձին դրվագների վերաբերյալ տեղեկությունները, դրանց փաստական ու փաստաթղթային հիմքերը, ինչպես նաև հնարավոր ֆինանսական կապերը պահանջում են առանձին, խիստ ստուգում։ Այդ նյութերը պետք է ուսումնասիրվեն՝ հստակ տարանջատելով փաստաթղթերով հաստատված տեղեկությունները, լրագրողական աղբյուրների հաղորդած տվյալները և դեռևս ստուգման ենթակա պնդումները։

Այս բոլոր բացահայտումները պետք է դիտարկվեն որպես հիմք՝ ֆինանսական գործարքների, դրանց իրական շահառուների, հնարավոր միջնորդավորված կապերի և քաղաքական ազդեցության մեխանիզմների անկախ ու համակողմանի ուսումնասիրության համար։ Հետաքննության շրջանակը պետք է հասնի միջազգային ֆինանսական և քաղաքական հնարավոր կապերին՝ հստակ տարանջատելով փաստաթղթերով հաստատված իրողություններն ու ստուգման ենթակա հարցերը։

Նշված լրագրողական բացահայտումները, հրապարակված տեղեկությունները և դրանցում ներկայացված պնդումները ինքնին չեն հաստատում որևէ անմիջական կապ ֆինանսական գործարքների և Արցախի հայաթափման կամ դրա ընթացքում իրականացված հնարավոր միջազգային հանցագործությունների միջև։ Սակայն դրանք հիմք են տալիս ուսումնասիրելու միջազգային ֆինանսական և քաղաքական ազդեցության հնարավոր մեխանիզմները, դրանց իրական շահառուներին և իրավական գնահատման ենթակա հանգամանքները։

III. Քննության ենթակա ֆինանսական և քաղաքական հարցեր

Անկախ և համակողմանի քննության շրջանակներում անհրաժեշտ է պարզել՝

Որո՞նք են Ադրբեջանի հետ առնչվող միջազգային ֆինանսական գործարքների (ներառյալ ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Իսրայելի և երրորդ երկրների միջոցով հնարավոր փոխանցումների ու հաշիվների) իրական շահառուները և դրանց վերջնական նպատակները։

Արդյո՞ք միլիարդների կամ հարյուրավոր միլիոնների ֆինանսական հոսքերի, միջնորդավորված գործարքների, օֆշորային կառույցների կամ հնարավոր լոբբիստական մեխանիզմների միջոցով իրականացվել են քաղաքական ազդեցության կամ դիվանագիտական առաջնահերթությունների վրա ներգործելու գործողություններ։

Ի՞նչ տեղեկություններ ու դրվագներ են առկա «Էպշտեյնի ֆայլերում» և հարակից հետաքննություններում Բաքվի, Ադրբեջանի ղեկավարության ու միջազգային միջնորդների կապերի վերաբերյալ, և արդյո՞ք դրանցից որևէ մեկը պարունակում է փաստական կամ ֆինանսական հետքեր, որոնք պահանջում են իրավասու մարմինների ստուգում։

Արդյո՞ք միջազգային բանկային ու ֆինանսական կառույցներն ունեցել են բավարար տեղեկություններ հնարավոր ռիսկերի վերաբերյալ, և ինչպե՞ս են արձագանքել դրանց։

Արդյո՞ք առկա են փաստական հիմքեր՝ միջազգային ֆինանսական, քաղաքական կամ այլ դերակատարների գործողությունների և Ադրբեջանի պետական քաղաքականության միջև հնարավոր կապերը ուսումնասիրելու համար։

Ո՞ր իրավասու մարմիններն ունեն այդ փաստերը ստուգելու, ֆինանսական տվյալներ պահանջելու, իրական շահառուներին բացահայտելու և հնարավոր իրավախախտումները քննության առնելու իրավական լիազորություններ։

Արդյո՞ք լրագրողական բացահայտումների, հետախուզական ու փաստաթղթային տվյալների, ֆինանսական փաստաթղթերի և այլ ապացույցների համադրումը կարող է հիմք հանդիսանալ իրավական գործընթացների նախաձեռնման համար։

IV. Հայկական հարցի պատմական և իրավական հիմքերը

Արցախի հայաթափման և դրա հետևանքների իրավական քննությունը՝ որպես առաջնային ուղղություն, չի կարող ամբողջությամբ անտեսել հայկական հարցի պատմական զարգացումը, հայ ժողովրդի իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթերը, տարածաշրջանի քաղաքական վերաձևումները և դրանց հետևանքով ձևավորված իրավական իրողությունները։

Լենին–Աթաթուրք հարաբերությունների ժամանակաշրջանից, Ստալինյան քաղաքական որոշումներից մինչև հետագա միջազգային պայմանավորվածություններ՝ հայկական տարածքների, բնակչության իրավունքների և պատմական ժառանգության վերաբերյալ հարցերը պահանջում են փաստաթղթային, պատմական և միջազգային իրավական առանձին ուսումնասիրություն։ Նախիջևանի, Կարսի, Սուրմալուի և ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն համապատասխան պատմական փաստաթղթերի, միջազգային իրավունքի նորմերի, իրավական ակտերի և դրանց իրավական բնույթի համակողմանի գնահատման հիման վրա։ Այս ուղղությունը պետք է դառնա միջազգային հայ իրավագետների նախաձեռնության առանձին, բայց փոխկապակցված և շարունակական հետազոտական ծրագիր։

V. Միջազգային իրավական գործողության մեկնարկը․ կոչ աշխարհի հայ իրավագետներին

Գորիսից անկախ լրագրող Վաչե Մկրտչյանի և Երևանից Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի այս հրապարակմամբ «Սյունյաց երկիրը» դիմում է աշխարհի տարբեր երկրներում գործող հայ իրավագետներին՝ միջազգային իրավունքի մասնագետներին, քննիչներին, դատախազներին, դատավորներին, փաստաբաններին, մարդու իրավունքների պաշտպաններին և անկախ փորձագետներին։

Ժամանակն է, որ հայ մասնագիտական ներուժը և գոյություն ոնեցող տարբեր նախաձեռնությունները միավորվեն Արցախի հայաթափման, հայ ժողովրդի դեմ իրականացված հնարավոր միջազգային հանցագործությունների և դրանց առնչվող պատասխանատվության իրավական քննության շուրջ։ Այս նախաձեռնությունը պետք է դուրս գա հայտարարությունների և ընդհանուր կոչերի շրջանակից՝ վերածվելով համակարգված, մասնագիտական և շարունակական միջազգային իրավական աշխատանքի։

Առաջարկվում է ձևավորել անկախ նախաձեռնող խումբ, որը կմիավորի համապատասխան մասնագիտական փորձ ունեցող իրավագետների և փորձագետների՝ նպատակ ունենալով իրականացնել փաստերի հավաքագրում, իրավական վերլուծություն, ապացույցների համակարգում, իրավասու միջազգային մարմիններին դիմելու հնարավորությունների ուսումնասիրություն և կոնկրետ իրավական գործընթացների նախապատրաստում։ Նախաձեռնության նպատակը պետք է լինի ոչ միայն անցյալի փաստերի արձանագրումը, այլև դրանց իրավական գնահատման, պատասխանատուների բացահայտման, տուժածների իրավունքների պաշտպանության և արդարադատության հասնելու հնարավոր մեխանիզմների մշակումը։ Հայ իրավագիտական ներուժը պետք է դառնա համախմբված մասնագիտական ուժ՝ ի նպաստ փաստերի, իրավունքի և արդարադատության։

VI. Քննության հիմնական ուղղությունները

1. Քրեաիրավական քննություն

Արցախի հայաթափման ընթացքում իրականացված գործողությունների, մոտ 150 հազար արցախահայերի բռնի տեղահանման և ցեղասպանության հանցագործության իրավական գնահատական՝ ներառյալ ցեղասպանության հանցակազմի բոլոր տարրերի և հատուկ դիտավորության (dolus specialis) առկայության ուսումնասիրությունը։

Քաղաքացիական բնակչության դեմ բռնությունների, սպանությունների, խոշտանգումների, գերեվարումների, անհետացումների, ռազմագերիների ու պատանդների նկատմամբ վերաբերմունքի՝ որպես մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների քննություն։

Ադրբեջանի պետական մարմինների, քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև հնարավոր օժանդակողների, հանցակիցների և միջազգային պարտավորությունները խախտած այլ դերակատարների պետական ու անհատական պատասխանատվության իրավական քննություն։

2. Ֆինանսական և քաղաքական հետաքննություն

Ադրբեջանի հետ կապվող ֆինանսական հոսքերի, միջազգային բանկային գործարքների, միջնորդավորված փոխանցումների և դրանց իրական շահառուների բացահայտում՝ ներառյալ միջազգային լրագրողական ու հետախուզական հրապարակումներում (ZDF / «Inside Deutsche Bank», Քուշների և Մերձավոր Արևելքի/Ադրբեջանի/Իսրայելի հետ կապվող միլիարդների գործարքների վերաբերյալ հրապարակումների, ինչպես նաև «Էպշտեյնի ֆայլերի» համապատասխան դրվագների) շրջանառվող հարցադրումների ստուգումը։

Հնարավոր կոռուպցիոն, լոբբիստական և քաղաքական ազդեցության մեխանիզմների ուսումնասիրություն։

Միջազգային ֆինանսական կառույցների և այլ դերակատարների հնարավոր պատասխանատվության գնահատում։

3. Պատմական և միջազգային իրավական ուսումնասիրություն

Հայկական հարցի պատմական փաստաթղթերի և իրավական ակտերի ուսումնասիրություն։

Լենին–Աթաթուրք և Ստալինյան ժամանակաշրջանների որոշումների, Նախիջևանի, Կարսի և Սուրմալուի հարցերի փաստաթղթային ու իրավական վերլուծություն։

Վիլսոնի իրավարար վճռի իրավական բնույթի, միջազգային իրավական նշանակության և մինչ օրս առաջադրվող հետևանքների ուսումնասիրություն։

4. Տուժածների իրավունքներ և վերականգնման հարցեր

Արցախի բնիկ հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավական հիմքերի մշակում՝ միջազգային անվտանգության գործուն մեխանիզմների, վերահսկողության համակարգերի և բռնությունից, հետապնդումից ու խտրականությունից պաշտպանության ապահովմամբ։

Բնակարանների, հողերի և այլ սեփականության իրավունքների վերականգնման, ինչպես նաև բռնի տեղահանման հետևանքով պատճառված վնասների հատուցման և փոխհատուցման մեխանիզմների մշակում։

Հայկական մշակութային, կրոնական և պատմական ժառանգության պաշտպանության իրավական միջոցների կիրառում։

5. Ապացույցների պահպանություն և միջազգային դատական գործընթացներ

Ապացույցների միասնական, ստուգելի արխիվ։ Այն պետք է ձևավորվի միջազգային ապացուցողական չափանիշներին համապատասխան՝ ապահովելով յուրաքանչյուր նյութի աղբյուրի հստակ արձանագրումը, փաստաթղթերի իսկության ստուգումը, ձեռքբերման ժամանակի, պահպանման պայմանների և ստուգելիության ամրագրումը։ Արխիվը պետք է ներառի վկայություններ, լուսանկարներ, տեսագրություններ, արբանյակային պատկերներ, պաշտոնական փաստաթղթեր, ֆինանսական տվյալներ և փորձագիտական եզրակացություններ։ Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի թվային նյութերի մետատվյալների պահպանմանը, վկայությունների անվտանգությանն ու գաղտնիության պաշտպանությանը, նյութերի հնարավոր կեղծման կամ փոփոխման ռիսկերի կանխարգելմանը, ապացույցների շղթայի ամբողջականության ապահովմանը, դրանց դասակարգմանը (ըստ դեպքերի, ժամանակաշրջանների, աշխարհագրության և իրավական որակման) և յուրաքանչյուր նյութի իրավական նշանակության նախնական գնահատմանը։

Միջազգային իրավական գործընթացների և դատական պաշտպանության հնարավորությունների նախապատրաստում։ ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին, միջազգային և ազգային դատարաններին ու իրավասու քննչական կառույցներին դիմելու ռազմավարության մշակում։ Յուրաքանչյուր իրավական գործի համար պետք է նախապես հստակեցվեն՝ իրավասու դատարանը կամ մարմինը, գործի մասնակից պետությունը, դիմում ներկայացնելու իրավական հիմքը և իրավասության ընդունման առկայությունը, դիմող սուբյեկտը (պետություն, անհատ, կազմակերպություն), անհրաժեշտ նախապայմաններն ու ապացույցները, ինչպես նաև տվյալ ընթացակարգով ակնկալվող իրավական արդյունքը։

VII. Գործնական մեկնարկային ծրագիր․ առաջին 90 օրվա գործողությունները

Նախաձեռնող խմբի աշխատանքը պետք է մեկնարկի հստակ հաջորդականությամբ՝

Առաջին փուլ (1–30 օր)․ համախմբում և կազմակերպում — Հայ իրավագետների և միջազգային իրավունքի մասնագետների և գործող տարբեր նախառնությունների ներգրավում, նախաձեռնող խմբի ձևավորում, աշխատանքային ուղղությունների ու պատասխանատուների սահմանում, նախնական իրավական և փաստական նյութերի հավաքագրում։

Երկրորդ փուլ (31–60 օր)․ փաստահավաք և իրավական գնահատում — Հիմնական դեպքերի և ապացույցների առաջնահերթության որոշում, փաստաթղթերի, վկայությունների և հրապարակված հետաքննությունների համակարգում, իրավական վերլուծությունների և իրավասության հնարավորությունների ուսումնասիրություն, ապացույցների պահպանման միասնական չափանիշների մշակում։

Երրորդ փուլ (61–90 օր)․ առաջին արդյունքների հրապարակում — Նախնական իրավական զեկույցի պատրաստում, միջազգային իրավասու մարմիններին դիմելու հնարավորությունների քարտեզագրում, առաջնահերթ իրավական գործողությունների ցանկի հրապարակում, հետագա աշխատանքային ռազմավարության և գործողությունների ժամանակացույցի հաստատում։

VIII. Կոչ

Միջազգային իրավունքի շրջանակներում ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության հարցերը ենթակա են քննության՝ կիրառելի միջազգային պայմանագրերի, իրավական նորմերի և համապատասխան իրավասության շրջանակներում։ Հանցագործությունների վաղեմության, քրեական հետապնդման և պատասխանատվության հարցերը պետք է գնահատվեն յուրաքանչյուր դեպքի նկատմամբ կիրառելի իրավական կարգավորումների հիման վրա։ Արցախի հայաթափմանն առնչվող հնարավոր միջազգային հանցագործությունների իրավական քննությունը չպետք է դադարեցվի քաղաքական ժամանակի անցնելու, միջազգային օրակարգի փոփոխության կամ պատասխանատուների՝ արդարադատությունից խուսափելու փորձերի պատճառով։

Արցախի հայաթափման, հայ ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների և դրանց կազմակերպիչների, իրականացնողների, հովանավորների ու պատասխանատուների վերաբերյալ հարցերը չպետք է մնան քաղաքական հայտարարությունների, միջազգային անավարտ քննարկումների կամ պատմական հիշողության սահմաններում։

Արդարադատությունը պահանջում է փաստեր, փաստերը՝ մասնագիտական քննություն, իսկ մասնագիտական քննությունը՝ համախմբված, հետևողական և նպատակային գործողություն։

Մենք կոչ ենք անում աշխարհի տարբեր երկրներում գործող հայ իրավագետներին, միջազգային իրավունքի մասնագետներին, փաստաբաններին, դատախազներին, քննիչներին, դատավորներին, իրավապաշտպաններին և անկախ փորձագետներին միավորվել այս նախաձեռնության շուրջ, ստանձնել իրենց մասնագիտական պատասխանատվությունը և մասնակցել Արցախի հայաթափման ու դրա առնչվող միջազգային հանցագործությունների իրավական քննության գործընթացի նախաձեռնմանը։

Հայ ժողովրդի իրավունքները չպետք է զոհաբերվեն աշխարհաքաղաքական շահերին, միջազգային քաղաքական առևտրին կամ ուժի կիրառման հետևանքով ձևավորված անարդարություններին։ Արցախը պետք է վերադարձվի արցախցիներին՝ անվտանգ, արժանապատիվ վերադարձի և միջազգային գործուն երաշխիքների ապահովմամբ։

Արցախի հայաթափման հետ կապված հանցագործությունները պետք է քննվեն։ Պատասխանատուները պետք է բացահայտվեն։ Տուժածների իրավունքները պետք է պաշտպանվեն։ Արդարադատությունը պետք է դառնա նպատակային և հետևողական միջազգային իրավական գործողություն։

Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը չպետք է մնա անպատասխան։

Արդարության համար պայքարը պետք է շարունակվի՝ փաստերով, իրավունքի ուժով և միջազգային պատասխանատվության պահանջով։

Հ.Գ․

Սույն հոդվածում ներկայացված միջազգային լրագրողական բացահայտումները, ֆինանսական և քաղաքական կապերի վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև Արցախի հայաթափման, շրջափակման և դրա հետևանքների վերաբերյալ փաստական ու իրավական հարցադրումները հիմնված են միջազգային լրատվամիջոցների հետաքննությունների, պաշտոնական փաստաթղթերի, միջազգային կազմակերպությունների, ԱՀ, ՀՀ ՄԻՊ զեկույցների և պատմական-իրավական սկզբնաղբյուրների ուսումնասիրության վրա։

1. Միջազգային ֆինանսական և քաղաքական հետաքննություններ

ZDF / «frontal» — «Inside Deutsche Bank», 17 նոյեմբերի 2026 թ.։ Deutsche Bank-ի ավելի քան 15 միլիոն ներքին փաստաթղթերի ուսումնասիրության վրա հիմնված միջազգային լրագրողական հետաքննություն՝ բանկի գործարար հարաբերությունների, ներքին վերահսկողության, կասկածելի ֆինանսական գործարքների և հնարավոր փողերի լվացման մեխանիզմների վերաբերյալ։

https://www.zdf.de/.../frontal.../inside-deutsche-bank-106

ZDFheute — «Inside Deutsche Bank: Interne Dokumente belasten Deutsche Bank», 17 նոյեմբերի 2026 թ.։ Հետաքննության հիմնական բացահայտումների, ներքին նախազգուշացումների և բարձր ռիսկային հաճախորդների հետ բանկի գործարար հարաբերությունների վերաբերյալ հրապարակում։

https://www.zdfheute.de/.../inside-deutsche-bank-leak-100...

Le Monde — «Inside Deutsche Bank: The secret documents linking Trump to dirty Azerbaijani money», 17 նոյեմբերի 2026 թ.։ Deutsche Bank-ի ներքին փաստաթղթերի և դատական նյութերի ուսումնասիրության հիման վրա՝ Donald Trump-ի հետ կապված ընկերությունների, Բաքվում Trump International Hotel & Tower նախագծի, Baktelecom-ի, Faberlex և Datemile ընկերությունների, ինչպես նաև Ադրբեջանի «Laundromat» ֆինանսական սխեմայի հետ առնչվող գործարքների վերաբերյալ հետաքննություն։

https://www.lemonde.fr/.../inside-deutsche-bank-the...

OCCRP — «The Azerbaijani Laundromat» հետաքննական նախագիծ։ Ադրբեջանի հետ կապվող մոտ 2.9 միլիարդ դոլարի ֆինանսական հոսքերի, օֆշորային ընկերությունների, բանկային հաշիվների, քաղաքական ազդեցության և գումարների իրական շահառուների վերաբերյալ միջազգային հետաքննությունների շարք։

https://www.occrp.org/en/project/the-azerbaijani-laundromat/

OCCRP — «Azerbaijan’s High-Profile Beneficiaries»։ Ադրբեջանի «Laundromat» սխեմայի միջոցով ֆինանսական հոսքերի, դրանց շահառուների և Ադրբեջանի իշխանական շրջանակների հետ կապերի վերաբերյալ հետաքննություն։

https://www.occrp.org/.../azerbaijans-high-profile...

OCCRP — «Baku’s Man in America»։ Ադրբեջանի ֆինանսական սխեմաների միջոցով ԱՄՆ-ում քաղաքական ազդեցության և լոբբիստական գործունեության ֆինանսավորման վերաբերյալ հետաքննություն։

https://www.occrp.org/.../the.../bakus-man-in-america

Vanity Fair — «The Art of the Deal: Jared Kushner’s Hacked Phone Revealed His Secret Negotiations—Including More Than $700 Million in Transfers», 22 հոկտեմբերի 2026 թ.։ Ջարեդ Քուշների ֆինանսական, քաղաքական և գործարար կապերի, Ադրբեջանի բանկային համակարգի միջոցով փոխանցումների, Մերձավոր Արևելքի ֆինանսական հոսքերի և հոլանդական հետախուզության հետ կապվող տեղեկությունների վերաբերյալ լրագրողական հետաքննություն։

https://www.vanityfair.com/.../jared-kushner-hacked-phone...

2. «Էպշտեյնի ֆայլերի» և Ադրբեջանի հետ կապվող դրվագների ուսումնասիրություն

Mediamax — «The Epstein files and Azerbaijan: Sultan bin Sulayem, Barak, Stern, and others»։ ԱՄՆ արդարադատության նախարարության հրապարակած փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա՝ Ադրբեջանի, Բաքվի, միջազգային քաղաքական և գործարար շրջանակների հետ կապվող առանձին դրվագների վերաբերյալ։

https://mediamax.am/en/specialprojects/special-file/59853/

Այս նյութերը դիտարկվում են որպես հետագա փաստաթղթային ստուգման և անկախ հետաքննության ենթակա աղբյուրներ։ Անձանց անունների կամ նամակագրության մեջ հիշատակվելու փաստն ինքնին չի հաստատում որևէ իրավախախտման մասնակցություն կամ մեղավորություն։

3. Արցախի շրջափակման, ռազմական հարձակման ու հայաթափման վերաբերյալ միջազգային փաստաթղթեր ԱՀ և ՀՀ ՄԻՊ զեկույցներ

2022 թվականի դեկտեմբերի 15-ին հրապարակվել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանների «Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքների մասին» համատեղ արտահերթ զեկույցը:

https://www.facebook.com/ArtsakhOmbuds/posts/pfbid02rHgcRbvKCZEtsu18jXs1XCccCvQNZqv7jaR91dbLhXcgWgXWVbcakUfDdF23jZGal

2022 թվականի դեկտեմբերի 27-ին հրապարակվել է ԱՀ և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանների Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ արտահերթ զեկույցը՝ նոր թարմացված տվյալներով:

https://www.facebook.com/share/p/1FLyU5wK5k/

2023 թվականի հունիսի 12-ին հրապարակվել է Արցախի ՄԻՊ թարմացված զեկույցը՝ շրջափակման վեց ամսվա (182 օրվա) տվյալներով:

https://www.facebook.com/share/p/1DxSnkDe6V/

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի մշտական ներկայացուցչի 2023 թվականի հուլիսի 27-ի նամակը, փաստաթուղթ A/77/981 – S/2023/562։ Արցախի շրջափակման, Լաչինի միջանցքի փակման և բնակչության հումանիտար իրավիճակի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ։

https://digitallibrary.un.org/record/4017814

2023 թվականի օգոստոսի 30-ին Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է անգլերեն փաստաթերթիկ Արցախում ստեղծված հումանիտար աղետալի իրավիճակում կրթական իրավունքի իրացման իրավիճակի և արձանագրված խոչընդոտների վերաբերյալ։

https://drive.google.com/.../1hV.../view...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Հայաստանի մշտական ներկայացուցչի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի նամակը, փաստաթուղթ S/2023/687։ Ադրբեջանի ռազմական հարձակման, քաղաքացիական բնակչության և հումանիտար իրավիճակի վերաբերյալ փաստաթուղթ։

https://digitallibrary.un.org/record/4021725

ՄԱԿ-ի Միջազգային դատարան — 2023 թվականի փետրվարի 22-ի որոշում՝ Armenia v. Azerbaijan, CERD-ի կիրառման վերաբերյալ։ Լաչինի միջանցքի, շրջափակման և ազատ տեղաշարժի վերաբերյալ դատարանի որոշում։

https://www.icj-cij.org/case/180

ՄԱԿ-ի Միջազգային դատարան — 2023 թվականի հոկտեմբերի 26-ի նախագահողի հայտարարություն։ Լաչինի միջանցքի խափանման, քաղաքացիական բնակչության, հումանիտար մատակարարումների և դատարանի նախկին որոշման վերաբերյալ։

https://www.icj-cij.org/

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով — «Humanitarian situation in Nagorno-Karabakh», Doc. 15840, 10 հոկտեմբերի 2023 թ.։ Արցախի բնակչության զանգվածային տեղահանման, հումանիտար ճգնաժամի և հայ բնակչության վերադարձի իրավունքի վերաբերյալ զեկույց։

https://pace.coe.int/en/files/33069/html

ԱՄՆ Կոնգրեսի հետազոտական ծառայություն (Congressional Research Service) — «Azerbaijan’s Retaking of Nagorno-Karabakh and the Displacement of Karabakh Armenians», 18 հոկտեմբերի 2023 թ.։ 2023 թվականի ռազմական գործողությունների, շրջափակման և ավելի քան 100 հազար արցախահայերի տեղահանման վերաբերյալ վերլուծություն։

https://www.everycrsreport.com/reports/IN12265.html

Human Rights Watch — «Guarantee Right to Return to Nagorno-Karabakh», 5 հոկտեմբերի 2023 թ.։ Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանման, վերադարձի իրավունքի և միջազգային վերահսկողության անհրաժեշտության վերաբերյալ հրապարակում։

https://www.hrw.org/.../guarantee-right-return-nagorno...

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով — Doc. 15994։ Արցախի հայ բնակչության զանգվածային տեղահանման, վերադարձի իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ փաստաթուղթ։

https://pace.coe.int/en/files/33567/html

4. Հայկական հարցի պատմական և միջազգային իրավական սկզբնաղբյուրներ

Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների վերաբերյալ։ Սկզբնաղբյուր՝ ԱՄՆ նախագահի իրավարար վճիռը՝ Սև ծով ելքի և սահմանային հարցերի վերաբերյալ։

https://anca.org/assets/pdf/misc/wilson_arbitral_award.pdf

Վիլսոնի իրավարար վճռի թվայնացված հավաքածու՝ Հայաստանի ազգային գրադարան։ Պատմական փաստաթղթի ամբողջական թվայնացված տարբերակ և մատենագիտական տվյալներ։

http://dspace.nla.am/handle/123456789/11713

Վիլսոնի իրավարար վճռի պատմական և իրավական ուսումնասիրություն։

https://wilsonsarmenia.com/the-arbitral-award-2

Այս աղբյուրների ուսումնասիրությունը նպատակ ունի ապահովելու հոդվածում ներկայացված փաստական և իրավական հարցադրումների ստուգելիությունը։ Դրանցից յուրաքանչյուրի իրավական նշանակությունը, կիրառելիությունը և ապացուցողական արժեքը պետք է գնահատվեն համապատասխան մասնագիտական ու իրավական քննության շրջանակներում։

Վաչե Մկրտչյան, Գորիս

Հովիկ Ավանեսով, Երևան, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

https://syuniacyerkir.am/artsakhi-tsekhaspanutyan-hetqery...»։