Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, այսօր ամփոփելով տարին, նշեց, որ նախատեսված ծրագրերից չեն հասցրել իրականացնել «Հայաստանի կայուն զարգացման մարտավարության» ծրագիրը, քանի որ այն շատ աշխատատար էր: Նա հավաստիացրեց, որ կառավարության բոլոր ջանքերն ուղղված են հենց աղքատության նվազեցմանը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին ինտեգրվելու դեպքում Հայաստանին ոչ ձեռնտու քաղաքականության պարտադրմանը, նախարարը նշեց. «Որևէ երկրի հնարավոր չէ պարտադրել մի բան, որը այդ երկրին ձեռնտու չէ: Չի լինում այդպիսի բան»:
Լրագրողների այն հարցին` ինչո՞ւ Հայաստանում առաջին անհրաժեշտության և լայն սպառման մթերքները մի քանի անգամ ավելի թանկ են, քան Եվրոպայում, և արդյո՞ք աշխարհում կա երկրորդ այդպիսի երկիր, որի տնտեսությունը որակական զարգացում է ապրել` լինելով մոնոպոլիզացված ու օլիգոպոլ, Կարեն Ճշմարիտյանը նախ պատասխանեց, որ համեմատությունը Հայաստանի ու Եվրոպայի միջև տեղին չէ: Թեև կան օրինակներ, երբ մենաշնորհի առկայության պարագայում տվյալ երկրների տնտեսությունները զարգանում են:
Նախարարը նշեց, որ, մենաշնորհ ասելով, պետք է հաշվի առնել, որ կա նաև պետական մենաշնորհ: «Խնդիրը մենաշնորհի գոյության մեջ չէ, այլ դրա չարաշահման»,- ասաց նա` պնդելով, որ մենաշնորհի գոյությունը չի արգելում տնտեսության զարգացմանը, մենաշնորհի չարաշահումը կարող է խոչընդոտել տնտեսության զարգացմանը:
Հարցին, թե արդյոք՞ կա մենաշնորհի չարաշահում Հայաստանում, նախարարը խուսափեց պատասխանել` ասելով, որ դրա մասին կառավարությունը չպետք է ասի կամ գնահատի, դրա մասին կարող է խոսել ու գնահատել Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը:
Նախարարը բերեց մի քանի պատճառներ, թե ինչու է Եվրոպայում մթերքը, օրինակ` բանանը, ավելի էժան, քան Հայաստանում: «Ուզում եք՞ մի 50 օրինակ բերեմ, թե ինչու է Եվրոպայում ավելի էժան: Բայց գնի վերաբերյալ մի գործոնով մի առաջնորդվեք, գնի վրա տարբեր գործոններ են ազդում»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, թե բանանն ու շոկոլադե կրեմը լայն սպառման ապրանքներ չեն, ինչին լրագրողները կեսկատակ-կեսլուրջ պատասխանեցին, որ, բնականաբար, նման թանկ գներով բանանն ու շոկոլադե կրեմը չեն կարող լայն սպառման մթերք համարվել: