Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում է գլխավոր դատախազի ընտրության հարցը: Ելույթ ունեցավ գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանը: Նա ներկայացրեց իր ծրագիրը, որում խոսեց դատաիրավական համակարգի բարեփոխումների, մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորության և այլ կարևոր հարցերի մասին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց երկրում արդարության ճգնաժամի մասին, թե ինչպե՞ս է պատրաստվում այդ ուղղությամբ աշխատել: Արթուր Դավթյանը պատասխանեց, որ արդարության պակասի հետ կապված խնդիր տեսնում է, մանավանդ` դա խնդիր է հանրային ընկալման մեջ: «Ես սրա լուծումը տեսնում եմ մեր գործունեության հրապարակայնության մեջ»,- ասաց նա:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը բարձրաձայնեց աղմկոտ հանցագործությունների` չբացահայտված լինելու հանգամանքը, մասնավորապես` Մարտի 1-ի գործը, որը հասել է Եվրոպական դատարան: Գլխավոր դատախազի թեկնածուն նշեց, որ իր մոտեցումն այն է, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, այլ հարց է, թե եղած ռեսուրսները որքանով թույլ կտան դրանք բացահայտել: Արթուր Դավթյանը նշեց, որ Մարտի 1-ի գործով քրեական գործի վարույթը կասեցված չէ, այն ընթացքի մեջ է: «Այդ գործի մանրամասն ուսումնասիրությունն իմ առաջնահերթություններից մեկն է լինելու: Բացահայտման մասով երաշխիքներ չեմ կարող ներկայացնել, բայց ես հրապարակային կաշխատեմ` այդ գործի հետ կապված»,- ասաց նա:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, կարծես, դեժավյու լինի. գլխավոր դատախազի բոլոր թեկնածուները բոլոր ժամանակներում գրեթե նույն բանն են ասում, նույն խոստումները տալիս, ընդամենը փոխվում են անձերն ու նրանց «բառամթերքը»:
«Այո, ոչ ոք մեր երկրում չունի ակնկալիք, որ այս այլանդակ արդարադատության համակարգը կուղղվի: Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի եվրոպական վճիռների համար, ինչո՞ւ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվում, կամ էլ` այդ գումարը թող վճարի սխալ վճիռ կայացնողը»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ պետք է ներկայացվեն գլխավոր դատախազի հրաժարականի իրական պատճառները:
Արթուր Դավթյանը նշեց, որ չի կարծում, թե Եվրոպական դատարանի վճիռների համար կոնկրետ որևէ դատավոր պետք է պատասխանատվության ենթարկվի, այլ կարծում է, որ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի վճիռները պարզապես հաշվի կառնվեն դատական պրակտիկայում: Ավելին՝ գլխավոր դատախազի թեկնածուն կարծիք հայտնեց, որ ՀՀ-ի դեմ Եվրոպական դատարանի վճիռների թիվը քիչ է:
Ինչ վերաբերում է Գևորգ Կոստանյանի հրաժարականի իրական պատճառներին, Արթուր Դավթյանը նշեց, որ չի կարող ասել ավելին, քան պաշտոնական հայտարարությունն է, և պետք չէ այլ պատճառներ փնտրել կամ այլ մեկնաբանություններ հնչեցնել: