կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-12 20:10
Հասարակություն

«Լրագրողներ» սերիալը՝ սեպտեմբերի 19-ից

Սեպտեմբերի 19-ից «Երկիր մեդիայի» եթերում կլինի «Լրագրողներ» սերիալի առաջին եթերաշրջանը՝ բաղկացած 12 մասից: Սերիալը եթերաշրջաններով ներկայացնելու ֆորմատն արտասահմանյան է, մնացած ամեն ինչ այստեղ հայկական է եւ հայ իրականության մասին: Սերիալում լրագրողները միշտ իրադարձությունների կենտրոնում են եւ պատրաստ են պայքարելու անպարտելի թվացող ուժի դեմ. նրանք ուզում են ապացուցել, որ իրենք են այս երկրի տերը: Սերիալի բեմադրող ռեժիսորը Կարեն Քոչարյանն է: Նա շեշտում է, որ փորձել են հնարավորինս մոտ լինել իրականությանը, սակայն հիշեցնում է՝ իրենք ոչ թե դոկումենտալ, այլ գեղարվեստական ֆիլմ են նկարում: Բացի այդ, լրագրողների գործունեությունը պատկերելը ավելի շատ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ անդրադառնալու երկրում առկա սոցիալական խնդիրներին:

«Մեր մոտ խնդիրը դրված է ընդհանուր առմամբ թեման պահելով՝ լրագրողների առօրյան, լրագրողների կյանքը, եռուզեռը եւ այլն, բայց միեւնույն ժամանակ գծում ունենալ այսօրվա սոցիալական խնդիրները»,- նշեց ռեժիսոր Կարեն Քոչարյանը:

Ռեժիսորը լրագրող ընկերներ ունի, աշխատել է հեռուստաընկերություններում եւ պատկերացնում է մերօրյա լրագրողների աշխատանքային առօրյան: Շատ դեպքերում ֆիլմում իրադարձությունները լավ ավարտ են ունենում, բայց նաեւ կադրից դուրս չեն մնացել հիասթափություններն ու անհաջողությունները: Ֆիլմում գործող լրագրողները նույնպես իդեալական կերպարներ չեն: Լրագրողներից Արեւին մարմնավորած Վիկտորիա Հարությունյանը հավանում է իր կերպարի համառությունը, անվախությունն ու հետեւողականությունը, բայցեւ ասում է, որ իր կերտած կերպարի հետ հակասության մեջ է: Արեւն ամեն ինչի պատրաստ է մասնագիտական առումով իր ուզածին հասնելու համար, ինչն անընդունենելի է Վիկտորիայի համար:

«Ես կարծում եմ՝ մասնագիտության առումով չկան կոնկրետ կերպարներ, կան մարդիկ, կան բնավորություններ ու կախված դրանից էլ իրենք այդպիսինն էլ լինում են մասնագիտության մեջ»,- նշում է Վիկտորիան:

Ֆիլմում հակասական կերպարով է հանդես գալիս գլխավոր խմբագրի օգնականը՝ Կարայանը. նա խմբագրի նախկին կնոջ եղբայրն է, բայց կարիերիստ է եւ աշխատանքը չկորցնելու համար պատրաստ է անձնականն ու աշխատանքը բոլորովին այլ նժարների վրա դնել, եթե անգամ դրանք հատվում են:

«Կարիեռիստ է, կարող է այսօր դա մոդա է, ու շատ դրական կողմից է նայում այդ ամենին, որ աշխատանքի զարգացման պահով կարող է ամեն ինչ զոհաբերել եւ հետաքրքիր է ներկայցնել մի մարդու, մի կերպարի, որն ունի իր արատները ու ունի իհարկե դրական կողմեր»,- նշեց դերասան Հայկ Սարգսյանը:

Ժամանակավորապես խմբագրություն դարձած տարածքում արդեն նկարահանվում է սերիալի 2-րդ սեզոնը: Ֆիլմի այս մասում դերասանուհի Հասմիկ Վերդյանը մարմնավորում է ի սկզբանե որպես քարտուղարուհի ներկայացող Ալինային: Ֆիլմի զարգացմանը զուգընթաց բացահայտվում են նաեւ Ալինայի լրագրողական հմտությունները. նա ուսումնասիրողի իր դիտանկյունից առանց աղմուկի անում է իր գործը:

«Ինձ համար կոնկրետ շատ հետաքրքիր է խաղալ այս տրամաչափի մեջ: Ես միշտ խաղացել եմ ավելի կայուն կանանց կերպարներ, իսկ այս կերպարը ավելի խորաթափանց է, ներքին զգացումներն են ավելի շատ պահանջվում, որը իմ տեսակի դերասանուհու համար շատ ավելի հետաքրքիր է»,- ասաց դերասանուհին:

Սերիալի աշխատանքային խումբն օրեր առաջ է նկարահանել ավտոմեքենայի պայթյունի դրվագը: Նպատակը ոչ թե կրիմինալի միջոցով այսօրվա զանգվածային շուկային տուրք տալն է, այլ ցույց տալը, որ լրագրողի աշխատանքը բարդ է, վտանգավոր, նաեւ ժամանակատար, ինչի պատճառով հաճախ տուժում է նաեւ նրա անձնական կյանքը: Նման կերպար է Արշակը, ով լուրջ ընտանեկան խնդիրներ ունի եւ իրեն դժբախտ է համարում:

«Շատ հստակ տրված է կոնկրետ իմ կերպարի աշխատանքից դուրս կյանքը, ընտանիքիը՝ կինը, երեխաները, նրանց հարաբերությունները, կոնֆլիկտտները, երջանկությունը, դժբախտությունը, այդ ամեն ինչը կա»,- նշում է դերասան Իշխան Ղարիբյանը:

Գլխավոր խմբագրի Մարտիրոսյանի կերպարը մարմնավորող Արթուր Կարապետյանն էլ լրագրողների աշխատանքին ծանոթ է անձնական շփումներից եւ հարցազրույցներից: Իր հերոսին բնութագրում է որպես սկզբունքային, պատասխանատու մարդու, ով կանգ չի առնում դժվարությունների առջեւ: Արթուր Կարապետյանը շատ կուզեր, որ իրական կյանքում էլ շատ լինեին իրենց կերտած հերոսների պես լրագրողներ եւ խմբագիրներ, ովքեր խորապես տիրապետում են այն ոլորտին, որը լուսաբանում են եւ անաչառ լինեն իրենց մեկնաբանություններում:

«Եթե անգամ չկան էլ նման խմբագիրներ, ես շատ կուզեի, որ լինեին էդպիսի մարդիկ, ովքեր ունեն իսկապես քաղաքացու դիրքորոշում եւ սրտացավ են մեր երկրում կատարվող իրադարձություններին»,- նշեց Արթուր Կարապետյանը:

Հեռուստասերիալում դեպքերը մտացածին են, թեեւ հեռուստադիտողը շատ հաճախ կտեղափոխվի իրական կյանք, որտեղ կա կոռուպցիա, իշխանության չարաշահում, մենաշնորհ, դավաճանություն։