կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 10:50
Իրավական

Ինչո՞ւ էր ազատ արձակվել Հրազդանում 7-ամյա երեխայի վրաերթի ենթարկած վարորդը. մանրամասներ

Ինչո՞ւ էր ազատ արձակվել Հրազդանում 7-ամյա երեխայի վրաերթի ենթարկած վարորդը. մանրամասներ

Երեկ Հրազդանում դանակահարության դեպք է գրանցվել: Ըստ նախնական տեղեկությունների՝ Հրազդանում հուլիսի 4-ին վրաերթի ենթարկված 7-ամյա երեխայի հայրը դանակահարել է որդուն վրաերթի ենթարկած վարորդին՝ Վանիկ Սարգսյանին: Դեպքից հետո վարորդը ձերբակալվել էր, սակայն հետո գրավի դիմաց ազատ արձակվել:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթի վրա ու ծնողների աչքի առաջ վրաերթի ենթարկել տղային, ով տեղում մահացել է: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Վրաերթի պահը ֆիքսել են տարածքում առկա տեսախցիկները:

Հիշյալ դեպքից հետո շատերին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ է վարորդն ազատ արձակվել: Մեր տեղեկություններով՝ վարորդի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշում կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ երեխայի հայրը չի իմացել, որ վարորդն ազատության մեջ է և, հանկարծակիի գալով, դիմել է այդ քայլին:

Yerkir.am-ին հասած վարկածներից մեկի համաձայն` դեպքից հետո մահացած երեխայի ծնողներին առաջարկել են նյութական փոխհատուցում, ինչի շուրջ էլ տեղի է ունեցել վիճաբանություն:

Հիշեցնենք, որ, ըստ մեղադրական եզրակացության, վարորդ Վանիկ Սարգսյանը հուլիսի 4-ին երեկոյան, գտնվելով ոչ սթափ վիճակում, վարել է մեքենա: Սարգսյանը քրոջ ամուսնու հետ իրենց շենքի բակից ընթացել է դեպի Հրագդանի Միկրոշրջան թաղամասի շուկայի խաչմերուկի ուղղությամբ: Հասնելով սուպերմարկետի դիմացի խաչմերուկ՝ մուտք է գործել ճանապարհի խաչմերուկային հատված եւ թույլ տվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ մասի, 24 հոդվածի 7-րդ մասի և ՃԵԿ-ի 65 և 66 կետերի պահանջներին հակասող գործողություններ` դեպի ձախ շրջադարձի կատարումն իրականացրել է ավտոմեքենայի ընթացքի այնպիսի արագությամբ, որ զրկված է եղել ավտոմեքենայի կառավարումն ապահովելու և տվյալ շրջադարձն իր վարած ավտոմեքենայի ընթացքի ուղղության երթևեկելի ուղեմասի սահմաններում անվտանգ կատարելու տեխնիկական հնարավորությունից: Ավտոմեքենան, ընթանալով դեպի աջ, երթևեկելի մասի սահմաններից դուրս է եկել ճանապարհի աջ կողմում առկա մայթի վրա, վրաերթի ենթարկել մայթով քայլող 7-ամյա տղային, որն էլ տեղում մահացել է: Վանիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: