կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-27 14:08
Սպորտ

Մեզ իրական ոսկին է պետք, պարոնա´յք

Մեզ իրական ոսկին է պետք, պարոնա´յք

Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մեդալակիր մարզիկներն արդեն հայրենիքում են:  «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորեցին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ:

Դեռևս 1 ժամ կար մեր մարզիկների ինքնաթիռի վայրէջքին, սակայն օդանավակայանի սպասասրահում արդեն ասեղ գցելու տեղ չկար: Մինչ մարզիկների ժամանելը` երկրպագուները վանկարկում էին` Հայաստան, մեր մեդալակիրների անունները, երգում հայրենասիրական երգեր:

Եվ ահա եկավ երկար սպասված պահը: Ժամանելուն պես սպասասրահում իսկական խառնաշփոթ սկսվեց: ՀԱՕԿ նախագահը Միհրան Հարությունյանի պարանոցից հանեց արծաթե մեդալը, և իրական չեմպիոնի` օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի վզից կախեց ոսկե մեդալը, որից հետո բազմությունը սկսեց վանկարկել` «Միհրա\'ն, չեմպիոն»: Բոլորը ցանկանում էին լուսանկարվել մեր մարզիկների հետ և ինքնագրեր վերցնել նրանցից: Օլիմպիական հերոսները միայն ոստիկանական շղթայի միջոցով կարողացան դուրս գալ սպասասրահից:

Օդանավակայանի հարակից տարածքում սկսվեց շքեղ հրավառություն, որը տևեց մի քանի րոպե, իսկ այդ ընթացքում երկրպագուները շրջափակել էին Արթուր Ալեքսանյանին և Միհրան Հարությունյանին, ովքեր փորձում էին հասնել ավտոբուսին, որը պետք է ուղևորվեր Հանրապետության հրապարակ: 

Տոնը շարունակվեց Հանրապետության հրապարակում: Թե ի՞նչ կատարվեց այդտեղ, մենք արդեն ներկայացրել ենք տեսանյութով:    

Միհրան Հարությունյանին, ով խայտառակ մրցավարության պատճառով զրկվեց օլիմպիական ոսկե մեդալից, իրոք, որպես իրական չեմպիոնի, հերոսի դիմավորեցին: Նման ֆանտաստիկ ընդունելությունը, սակայն, չփարատեց Միհրանի թախիծը, որը խառնվել էր նաև հպարտության,  սիրո ու հաղթանակի զգացմանը: Ջերմ ընդունելությունից ու երկրպագուների ցնծությունից մարզիկը հուզվել էր: Մեր ըմբիշը, ով եզրափակիչ գոտեմարտից հետո հայտնել էր, որ չի ուզում այլևս սպորտի մասին լսել, երեկ ասաց, որ չի կարող սպորտից հենց այնպես հեռանալ` տեսնելով, թե ինչպես դիմավորեցին իրեն, և ամեն ինչ կանի` հայ ժողովրդին կրկին ուրախացնելու համար:   

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի հանձնած ոսկե մեդալին` պետք է նշել, որ այն չես համեմատի օլիմպիական իսկական ոսկու հետ: Մեզ համար, այո, Միհրանը չեմպիոն է, բայց սա բավարար չէ: Նա չեմպիոն է մեզ համար, սակայն օլիմպիական պատմության մեջ մեր մարզիկը կմնա որպես արծաթե մեդալակիր: Դեռևս հայտնի չէ, թե ինչ քայլերի են պատրաստվում դիմել մեր մարզական պատասխանատուները, բայց, պարոնա\'յք, մեզ պետք են մեր իրական մեդալները, մեզ պետք է Միհրանի իրական ոսկին:

Երվանդ ՀԱԿՈԲՅԱՆ