Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախորդ տարի Yerkir.am-ն անդրադարձել էր «Արմավիր» բժշկական կենտրոնի բաժնի վարիչներից մեկի որդու՝ բժշկական համալսարանի ուսանող Էդգար Դավթյանի կողմից ճանապարհային ոստիկաններին սպառնալու և ատրճանակը նրանց վրա ուղղելու աղմկահարույց դեպքին: Հիշեցնենք, որ դեպքից հետո Էդգար Դավթյանը ձերբակալվել էր, սակայն հետո գրավի դիմաց ազատ արձակվել, իսկ դեպքից ամիսներ անց ՀՔԾ-ում քննվող գործով դարձել էր տուժող:
Yerkir.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հիշյալ գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում և մակագրվել դատավոր Հրաչիկ Սարգսյանին:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Էդգար Դավթյանը, ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության ավագ տեսուչներ Արտակ Ղազարյանին, Հովհաննես Ներսիսյանին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Արտակ Թադևոսյանին և Աշոտ Յոլչյանին:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Էդգար Դավթյանը 2015թ. մարտի 28-ին` ժամը 14:45-ի սահմաններում, վարելով «Աուդի Ա-4» ավտոմեքենան, առանց առջևի հաշվառման համարանիշի երթևեկել է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցով: Նույն պահին հիշյալ վայրում ծառայություն իրականացնող` Արմավիր քաղաքի թիվ 3-րդ երթուղու վերակարգում ընդգրկված ՃՈ աշխատակիցներ Արտակ Ղազարյանը, Հովհաննես Ներսիսյանը իրենց ամրակցված ծառայողական ավտոմեքենայի ձայնային ազդանշանի միջոցով, իրավախախտումն արձանագրելու նպատակով կանգնեցրել են Էդգար Դավթյանի վարած ավտոմեքենան: Վերջինս սկզբում ավագ տեսուչ Հովհաննես Ներսիսյանի պահանջով ներկայացրել է փաստաթղթերը, այնուհետև, տեսնելով, որ նա արձանագրում է իր կատարած վարչական իրավախախտումը, ՃՈ աշխատակցի գործողություններին խոչընդոտելու նպատակով փաստաթղթերը Հովհաննես Ներսիսյանի ձեռքից խլելով, թույլ չի տվել նրան արձանագրել վարչական վարչական իրավախախտման փաստը: Էդգար Դավթյանը հակառակվել և չի ենթարկվել նաև ՃՈ ավագ տեսուչ Արտակ Ղազարյանի` փաստաթղթերը վերադարձնելու պահանջին և վիճաբանել է նրա հետ: Դեպքին միջամտել են այդ պահին դեպքի տարածքում ծառայություն իրականացնող` իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող` ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկաններ Արտակ Թադևոսյանը և Աշոտ Յոլչյանը, ովքեր նույնպես փորձել են կարգի հրավիրել Էդգար Դավթյանին:
Դավթյանը, չցանկանալով ենթարկվել ոստիկանության աշխատակիցների` փաստաթղթերը վերադարձնելու և վարչական իրավախախտման փաստն արձանագրելուն խոչընդոտելու օրինական պահանջին, կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող` իշխանության ներկայացուցիչ հանդիսացող Արտակ Ղազարյանին, Հովհաննես Ներսիսյանին Արտակ Թադևոսյանին և Աշոտ Յոլչյանին` գոտկատեղից հանել է իր մոտ գտնվող գազային ատրճանակն ու այն ուղղել նրանց վրա: Վերջիններս Էդգար Դավթյանին վնասազերծելու նպատակով կիրառել են ձեռնամարտի հնարքներ և նրանից խլել ձեռքում եղած ատրճանակը:
Էդգար Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրի 316-րոդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դատաքննության օրը դեռևս նշանակված չէ: