կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-24 21:15
Քաղաքական

Սեպտեմբերի 18-ին՝ ՏԻՄ ընտրություններ՝ 137 համայնքում

Սեպտեմբերի 18-ին՝ ՏԻՄ ընտրություններ՝ 137 համայնքում

2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
Սահմանված ժամկետում որպես համայնքի ղեկավարի թեկնածու էր առաջադրվել 571 քաղաքացի, որոնցից 19-ը մինչև թեկնածուների գրանցումը հետ է վերցրել գրանցման փաստաթղթերը: Որպես ավագանու անդամի թեկնածու առաջադրված 2 հազար 842 քաղաքացիներից գրանցման փաստաթղթերը հետ է վերցրել 17-ը:
2016 թվականի օգոստոսի 24-ին` ժամը 18.00-ին, լրացել է թեկնածուների գրանցման ժամկետը:  Սահմանված ժամկետում համայնքի ղեկավարի 552 առաջադրված թեկնածուներից գրանցվել են 548-ը. ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կողմից համայնքի ղեկավարի թվով 4 թեկնածուների գրանցումը մերժվել է գրանցման փաստաթղթերը թերի լինելու հիմքով: Ավագանու անդամի բոլոր 2 հազար 825 առաջադրված թեկնածուները գրանցվել են:
Օգոստոսի 24-ին` ժամը 18.00-ին, լրացել է նաև Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի կողմից սեպտեմբերի 18-ի ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում (ՏԸՀ) անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու ժամկետը: Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքը սահմանված կարգով ԿԸՀ են ներկայացրել իրենց հայտերը:
Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից նշանակումներ են կատարվել բոլոր 541 ՏԸՀ-ներում: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի կողմից նշանակումներ չեն կատարվել 36 ՏԸՀ-ներում, իսկ «Ժառանգություն» կուսակցության կողմից` մեկ տեղամասային ընտրական հանձնաժողովում: 
ՏԸՀ անդամների թափուր տեղերը սահմանված կարգով և ժամկետներում կլրացվեն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահների կողմից: