կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 15:24
Քաղաքական

ՔՊ-ն 25 համայնքում չի հաղթել, նա ընդամենը 14-15 համայնքում կարող է միայնակ իշխանություն ձևավորել. Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ-ն, հետեւելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներին, կարող է կոալիցիա ձեւավորել այլ ուժերի հետ, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ դրա կցորդների հետ համագործակցությունը բացառվում է։ Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա պարզաբանեց, որ ապագայում կլինեն նաեւ համայնքներ, որտեղ ոչ իշխանական ուժերը կմիավորվեն եւ կձեւավորեն իշխանությունը տեղերում։

«Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի գործող իշխանությունները չեն վայելում ժողովրդի աջակցությունը, եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի դա արտացոլվի փողոցներում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ կառավարության վարկանիշի անկումը կապված է խոստացված խաղաղության բացակայության հետ։

Սաղաթելյանը նշեց, որ վերջին երկու ընտրությունների արդյունքներով իշխող կուսակցությունը 240 հազար ձայնով պակաս է հավաքել, քան հավաքում էր նախկինում։

Ըստ նրա՝ սուտ են ասում ՔՊ-ականները, որ 25 համայնքում հաղթել են։ «Հերթական մանիպուլյացիան է։ Կարող են միայնակ իշխանություն ձևավորել 14-15 համայնքում։ Մնացած համայնքներում ընդդիմության և այլ ուժերի հավաքած քվեներն ավելի շատ են։ Այստեղ այլ հարց է՝ իրենք ունեն կցորդ, սպասարկող քաղաքական ուժեր, որոնք, որոշ համայնքներում ձայներ փախցնելով, կմիավորվեն իրենց հետ և կձևավորեն իշխանություն»,- ասաց Ի.Սաղաթելյանը։

Նա ընդգծեց, որ այս իշխանությունը չունի համաժողովրդական աջակցություն։ «Հունիսի 20-ին մարդկանց խոստացել էին անվտանգություն, խաղաղություն։ 5 ամիս է անցել, մարդիկ տեսնում են՝ մենք չունենք անվտանգություն, խաղաղություն, ունենում ենք զոհեր, գերիներ, տարածքային կորուստներ։ Հետևաբար, իրենց տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն, այսօր ամեն ինչ պետք է անենք, որ դա դրսևորվի փողոցում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։