|
Փոխարժեքներ
13 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կոնյակի և գինու արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են խաղողի մթերման գործընթացին, ոլորտի զարգացման հնարավորություններին և հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է մթերման գործընթացի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների վերաբերյալ և նշել, որ մթերման սեզոնը սահուն անցկացնելու նպատակով նախարարությունն ակտիվորեն համագործակցում է մթերող բոլոր կազմակերպությունների հետ:
Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչները կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց խնդիրները, առաջարկություններն ու դիտարկումները: Քննարկվել են նաև տնտեսվարողներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքներին, արտահանման ուղղությամբ առաջացած խնդիրներին, հարկային և մաքսային վարչարարության պարզեցմանը, օրենսդրական դաշտի բարելավմանը վերաբերող հարցեր:
Վարչապետ Աբրահամյանը կարևորել է ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության և մասնավոր հատվածի սերտ համագործակցությունը, այդ նպատակով շարունակական քայլերի իրականացումը, արտադրության ու արտահանման ծավալների մեծացումը: Միաժամանակ, վարչապետը հորդորել է մթերող կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ խաղողի մթերման աշխատանքները պատշաճ կազմակերպել՝ գյուղացիներին անհարմարություններ չպատճառելու համար: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է այդ գործում օժանդակություն ցուցաբերել մթերողներին և գյուղացիական տնտեսություններին: «Մեր խնդիրն է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել մթերող ձեռնարկություններին, որպեսզի վերջիններս առավելագույն քանակով խաղող մթերեն և խնդիրներ չստեղծեն խաղողագործների համար»,- նշել է վարչապետը: