կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 13:00
Տնտեսական

ՏՄՊՊՀ-ն արգելեց «Հելվելեքս» և «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությունների միավորումը

ՏՄՊՊՀ-ն արգելեց  «Հելվելեքս» և «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությունների միավորումը

Համակենտրոնացման նպատակով ՏՄՊՊՀ է դիմել շվեյցարական «Հելվելեքս» ընկերությունը` տեղեկացնելով, որ ցանկանում է ձեռք բերել «Գինու-Կոնյակի Տուն «Շահնազարյան» ընկերությանը պատկանող 100 տոկոս բաժնեմասը և խնդրում է հանձնաժողովի թույլտվությունը` գործարքը կատարելու համար:

 

ՏՄՊՊՀ այսօր կայացած նիստի ժամանակ նշվեց, թե ուսումնասիրության ժամանակ պարզվել է, որ «Հելվելեքս» ընկերության ամբողջ կապիտալը կազմում է ընդամենը 50 հազար շվեյցարական ֆրանկ, սակայն ընկերությունը ցանկանում է 22 մլն շվեյցարական ֆրանկով ձեռք բերել հայկական ընկերությունը:

 

«Ի պատասխան հանձնաժողովի հարցադրումների, թե շվեյցարական ընկերությունը, չունենալով միջոցներ, ո՞ւմ հաշվին է ձեռք բերում հայկական ընկերությունը, տնտեսվարողները հրաժարվել են որևէ տեղեկատվություն ներկայացնել: Հանձնաժողովի դիտարկմամբ` այս գործարքը խնդրահարույց է. տնտեսվարողները չեն ցանկանում բացահայտել իրական շահառուին և չի բացառվում, որ գործարքը կեղծ է»,- նշում է ՏՄՊՊՀ-ն:

 

Այս ամենի հիման վրա այսօրվա նիստում հանձնաժողովն այդ համակենտրոնացումն արգելելու որոշում կայացրեց:

 

Ավելի վաղ ՏՄՊՊՀ-ն տեղեկացրել էր, որ ընթացիկ տարվանից առավել խիստ վերահսկողություն է սահմանելու համակենտրոնացումների նկատմամբ: Հանձնաժողովի նպատակն է թույլ չտալ նույն ոլորտում գործող տարբեր ընկերությունների` միավորումների միջոցով չհիմնավորված խոշորացումը և գերիշխող դիրքի ամրապնդումը: