կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-08-19 11:26
Իրավական

Պավլիկ Մանուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ

Պավլիկ Մանուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու եւ պատանդ վերցնելու մեջ մեղադրվող` «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի կողմից որպես խափանման միջոց ընտրված կալանավորման դեմ ներկայացված բողոքը: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց Մանուկյանի պաշտպան Հարություն Բաղդասարյանը: Նա նաև տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին այսօր կվիրահատեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում:

Երեկ Մանուկյանին դատարան էին տեղափոխել շտապօգնության մեքենայով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 3-րդ մասով` շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, և 235-րդ հոդվածով` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը: Այնուհետև Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվեց, նրան մեղադրանք առաջադրվեց նաև 35-225-րդ հոդված հատկանիշներով՝ նախորդ տարվա ապրիլի 24-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար:

Պավել Մանուկյանը կալանքի տակ է հուլիսի 31-ից: Նա եւ նրա որդին՝ Արամ Մանուկյանը, հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով։