Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում աշխարհի երրորդ ամենամեծ բնակչությամբ և Բրազիլիայի խոշորագույն հայկական համայնք ունեցող Սան Պաուլո քաղաքում հանդիպում է ունեցել Սան Պաուլո նահանգի նահանգապետ Ժերալդո Ալքմինի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանրապետության Նախագահը հանդիպման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում գոհունակությամբ է փաստել, որ Հայաստանից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող բարեկամ Բրազիլիայում հայ համայնքը կարողացել է պահպանել հայկական շունչը և արժանավայել ներկայացնել հայ ժողովուրդը` ապրելով ու արարելով Հայրենիքի սահմաններից դուրս, հային հատուկ աշխատասիրությամբ ու իմաստությամբ հասնելով հասարակական բարձր դիրքի, դառնալով օրինապաշտ քաղաքացիներ, տարբեր բնագավառներում հարգված ու պահանջված մասնագետներ: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համայնքի դերը նաև հայ-բրազիլական հարաբերությունների զարգացման գործում և ընդգծել, որ Բրազիլիայում շատերը հենց նրանց շնորհիվ են ճանաչում հայ ժողովրդին ու նրա հազարամյա ժառանգությունը:
«Ես հպարտ եմ, որ չնայած ճակատագրի փորձություններին՝ մենք այսօր այստեղ ենք միասին, ունենք անկախ հայրենիք, այդ հայրենիքը այս օլիմպիական խաղերում արժանվույնս ներկայացնող մարզիկներ և ի դեմս ձեզ՝ այստեղ նրանց սատարող հայրենակիցներ:
Սիրելի՛ հայրենակիցներ,
28 տարի առաջ հայ ժողովուրդը ոտքի կանգնեց՝ Արցախին սատարելու, Արցախն ազատագրելու համար: Արցախյան գոյամարտը մեր ազգային վերածննդի և միասնականության ևս մեկ դրսևորում էր, որ սկիզբ դրեց մեր պետականության վերականգնմանը։ Ամիսներ առաջ Ադրբեջանը լայնամասշտաբ գործողություններով կոպտորեն խախտեց զինադադարի պայմանագիրը, կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ, բայց մեծ կորուստներ կրելով՝ ստիպված կանգ առավ ու դադարեցրեց գործողությունները: Քառօրյա այս պատերազմը մեր միասնականության յուրատեսակ մի քննություն էր, որ մենք պատվով հաղթահարեցինք: Այդ ընթացքում ոտքի կանգնեց ողջ հայ ազգը թե՛ Հայաստանում և թե՛ Սփյուռքում, դարձավ մեկ բռունցք: Եվ մենք հավատացինք, որ աշխարհում ոչ մի ուժ ի զորու չէ սասանել մեր միասնականությունը:
Հայտնի ասույթի համաձայն, պատերազմին պատրաստ լինելով՝ մենք ձգտում ենք խաղաղության: Հայաստանը հաստատակամ է խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու հարցում՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար պահանջն իրացնելու վճռականությամբ»:
Նախագահի խոսքն ամբողջությամբ` այստեղ: