կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-19 12:00
Առանց Կատեգորիա

Վարչապետը պայքարում է «կարմիր խնձորի» դե՞մ

Վարչապետը պայքարում է «կարմիր խնձորի» դե՞մ

Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության խրախուսման գործում լրագրողների մասնակցությունը ըստ արժանվույն գնահատելու նպատակով հայտարարվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի մրցանակաբաշխություն: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:

 

Հայտարարության տեքստում մանրակրկիտ, կետ առ կետ ներկայացված են այն պահանջները, որոնց պետք է բավարարեն մրցույթին մասնակցել ցանկացող լրագրողների հրապարակումները: Ուշագրավ է մրցույթի կետերից մեկը, որն ազդարարում է՝ մրցույթին կարող են մասնակցել այն լրագրողները, ովքեր «հրապարակել են նյութեր` ուղղված գենդերային կարծրատիպերի վերացմանը», ընդ որում, ինչպես մասնավորեցնում է նախորդ կետերից մեկը` «համայնքային մակարդակում»: Ո՞վ գիտի՝ կառավարությունում ի՛նչ են հասկանում` գենդերային կարծրատիպ ասելով, սակայն դա, ըստ ամենայնի, կարող է լինել ի՛նչ ասես, օրինակ` կարմիր խնձոր և նման «կարծրատիպեր», որոնց վերացումը պատրաստ է ըստ արժանվույն գնահատել վարչապետը:

 

Մեր երբեմնի եվրոպամետ կառավարության ու նրա ղեկավարի համար դեռևս անըմբռնելի է այն իրողությունը, որ «համայնքային մակարդակը», ինչպես նրանք բնորոշում են գյուղական բնակավայրը, հենց նրանով է ամուր ու դեռևս ինքնակա, որ չի ենթարկվել արևմուտքից փչող գենդերային տարատեսակ քամիների` հաճախ նաև անբարո ու սեռախեղված վայոցներին: Հայ գյուղը նաև նրանով է հայկական ու անաղարտ, որ իր պարզ իրականության մեջ դեռ շարունակում է նախանձախնդրորեն փայփայել ու պահպանել… կարծրատիպերը: Ասենք` կարմիր խնձորի, օժիտի, գլուխլվայի և այլ «կարծրատիպեր», որոնք մեր հույժ ժամանակակից չինովնիկների համար, ինչպես երևում է, կնոջ անիրավահավասար` կախյալ վիճակի արտահայտություններ են, և որոնց դեմ հորդորում է պայքարել վարչապետը, մինչդեռ հարկ էր, որ գլոբալիզացիայի բերած խառնակությունների դեմն առնելու համար դրանք ավելի և ավելի կարծրացնելու հորդոր կարդար: Եվ, ընդհանրապես, զարմանալի է մրցույթի թեմատիկան` գենդերային:

 

Մեր երկրում տասնյակ, հարյուրավոր, եթե չասենք` հազարավոր հասարակական կազմակերպություններ կան, որոնք վերոհիշյալ թեմատիկայի հանրային լուսաբանման և մանավանդ կարծրատիպերի ոչնչացման համար դրամաշնորհային հսկայական միջոցներ են ծախսել, միլիոնավոր դոլարներ, ուրեմն ի՞նչ կարիք կար այդ ամենին դեռ վարչապետական մի մրցանակաբաշխություն էլ ավելացնել:

 

Վերջում` զավեշտ. ըստ կառավարության մամուլի ծառայության (հայտարարության տեքստը կազմողների)՝ մրցանակաբաշխությանը մասնակից կարող են դառնալ «Երևան քաղաքի և ՀՀ մարզերի հեռուստառադիոհեռարձակման … ներկայացուցիչները»: Զավեշտը, սակայն, ոչ թե «հեռուստառադիոհեռարձակման ներկայացուցիչ» անմտությունն է, այլ այն, որ, ըստ վերոհիշյալ ձևակերպման, մրցույթին չեն կարող մասնակցել հանրապետական սփռում ունեցող ռադիոհեռուստաընկերությունները, օրինակ՝ Հանրայինը, քանի որ դրանք ո՛չ Երևանինն են, ո՛չ էլ մարզերինը:


Լ. Սարգսյան