Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Երկիր Մեդիայի» խնդրանքով մեկնաբանել է զինյալների կողմից զենքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծված իրավիճակը։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Մենք ողջունում ենք հանձնվելու մասին զինված խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արյունահեղությունը բացառելու համար: Եվ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք հենց այս հանգուցալուծմանը հասնել: Ես դա համարում եմ նաեւ 2 կողմերի ողջախոհության արդյունք, որովհետեւ այն, ինչ իշխանությունները համբերատարությամբ արեցին հետեւելով գործընթացին, նույնպես նպաստեց դրան:
Նաեւ այն, որ զինված խմբի անդամները, իսկապես հասկանալով եւ լինելով իրենց երկրի հայրենասերը, եւ ընկալելով, որ այս ամենը կարող է բերել նոր զոհերի, ոչ մի բան ավելին չարժե, քան այն, որ կանխվեն նոր զոհաբերությունները եւ նոր արյունահեղությունը: Սա իսկապես գնահատելի է, եւ այս իրավիճակում, բնականաբար, գլխավոր հարցը մնում է հետեւյալը. մնացած առումներով գործընթացը պետք է տեղի ունենա այն տրամաբանությամբ, որի մասին մենք հայտարարել էինք: Որեւէ հաշվեհարդար չպետք է իրականացվի այդ անձանց նկատմամբ: Մենք պետք է հետեւենք, եւ հասարակությունն էլ դա պետք է անի, որ իսկապես օրինական եւ ամենամեղմ տրամաբանությամբ մեղադրանքները, որ ներկայացվելու են կապված որոշակի հանցագործությունների հետ, որոնք անհերքելի են, բայց մնացած խնդիրները, որոնք թույլ են տալիս, նաեւ օրենսդրությունն է թույլ տալիս, որ ամենամեղմ կերպով վերաբերվեն կատարվածին:
Միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ, բնականաբար, այն պատճառները, որոնք այդ մարդկանց հասցրել են այդպիսի հուսահատ քայլի, հասարակության մեջ խորն արմատներ գցած պատճառներ են, դրանք պետք է օր առաջ վերացնել, պետք է ամեն ինչ անել, որպեսզի մեր երկրում այս աստիճանի դժգոհությունները պակասեն եւ վերանան:
Դրա համար մտածված քայլեր են անհրաժեշտ: Ընդունելով այս դժգոհությունը վերացնելու բոլոր մոտեցումներն ու հնարավորությունները՝ մենք չենք ընդունում այն ճանապարհը, որը կարող է մեզ իսկապես հեռացնել այդ նպատակներին հասնելու առումով, եւ սա հիմնական դասն է, որ պետք է քաղեն բոլորը՝ ե′ւ իշխանությունները, ե′ւ հասարակությունը, ե′ւ քաղաքական ուժերը: Կուտակված խնդիրները լուծելու միակ տրամաբանական ճանապարհն այն ողջամիտ եւ ամբողջ աշխարհում հայտնի ձեւերն ու մեթոդներն են, որոնցով պետք է թե′ ժողովրդավարություն հաստատվի, թե′ իրավական պետություն ամրագրվի, թե′ մարդու իրավունքները պաշտպանվեն, որ այս դժգոհությունն ու բողոքը, որոնք օբեկտիվորեն ժողովրդի եւ հասարակության մեջ առկա են, տեսնենք, որ վերանում են:
Սակայն դրա համար պետք է տքնաջան աշխատանք, գիտակցված մոտեցում, մարդիկ, ովքեր դա կարող են անել, այդ գործին պետք է լծվեն: Սա իսկապես մեզ բոլորիս պետք է դաս լինի, որ օր առաջ մեր երկրում հաստատենք այնպիսի կարգեր, այնպիսի համակարգ, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ կարող է ոտնահարել իր հայրենակցի իրավունքները եւ մեզ շեղել մեր ընդհանուր ազգային պետական նպատակներից»: