կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-30 12:15
Քաղաքական

Մեկ ընտրողի իրավունքն էլ պետք է լիարժեք իրականացվի. Արմեն Ռուստամյան

Մեկ ընտրողի իրավունքն էլ պետք է լիարժեք իրականացվի. Արմեն Ռուստամյան

Վարչական ռեսուրսների օգտագործման հետ կապված խոսակցությունները չեն վերանա, քանի դեռ չկա վստահություն ընտրությունների նկատմամբ, իսկ որ այդ վստահությունը չկա, դա փաստ է. այսօր խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով հարցին, թե ի՞նչ կասի ընդդիմության այն մտահոգությունների մասին, թե իշխանությունն իր վարչական ռեսուրսներն է օգտագործում, ID քարտեր է օրակարգ բերում, բացի այդ՝ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանն էլ պնդում է, թե գյուղապետերին հրահանգված է հարյուր քվեարկողի պարագայում ապահովել 150 «այո»:

«ID քարտերի հետ կապված իրավիճակը լուրջ խնդիր է: Միջազգային կառույցներն էլ են ասում, որ որևէ մեկը չի կարող զրկվել իր ընտրական իրավունքից: Ամենագլխավոր իրավունքը ընտրական իրավունքն է: Այս հարցի լուծման մեխանիզմներն են քննարկվում: Ես կարծում եմ, որ այս հարցը գերակա նշանակություն ունի: Ընդդիմությունն ու իշխանությունը չեն կարող այս խնդիրն անտեսել: Խնդիրը ընտրողների թվի մեջ չէ: Մեկ ընտրողի իրավունքն էլ պետք է լիարժեք իրականացվի»,- ասաց Ռուստամյանը:

Նրա խոսքով՝ մենք հիմա հանրաքվե ենք անում, և դա առնչվում է մեր հեռանկարին: «Մենք արմատապես փոխում ենք մեր կառավարման համակարգը: Որևէ քաղաքացի չի կարող այս գործընթացից դուրս մնալ: Սա շատ կարևոր հարց է: Մենք ուզում ենք լուծել այս խնդիրը, բայց այն պետք է այնպես արվի, որ վերահսկման պարագայում խնդիրներ չառաջանան: Մենք պետք է կարողանանք քվեարկության լիարժեք վերահսկողական մեխանիզմներ մշակել: Այդ առնչությամբ մենք չորս մեխանիզմ ենք առաջարկել»,- ասաց ՀՅԴ պատգամավորը: