կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 15:06
Տնտեսական

Կարկուտից տուժած արմավիրցիներին աշնանը եւս կօժանդակեն

Կարկուտից տուժած արմավիրցիներին աշնանը եւս կօժանդակեն

Արմավիրի մարզի կարկտահարության հետևանքով տուժած գյուղացիական տնտեսությունների վերականգնման ծրագրերի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2013 թվականի 3-րդ եռամսյակում հատկացրել էր 171 միլիոն 500 հազ. դրամ: 2013 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ ծրագրում ընդգրկված 500 հողօգտագործողներից 478-ի հետ կնքվել է գյուղացիական տնտեսության վերականգնման պայմանագիր 105 միլիոն 901 հազար 280 դրամ գումարով: Շահառուները, ինչպես ներկայացնում է ծրագիրն իրականացնող աշխատանքի ե սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, օգտվելով ՀՀ կառավարության օժանդակությունից, մի կողմից հնարավորություն ստացան վերականգնել իրենց գյուղացիական տնտեսությունները, մյուս կողմից` ապահովվեց նրանց ժամանակավոր զբաղվածությունը:

 

Ծրագրի իրականացումից հետ, ինչպես երեւում է ծախսված միջոցների չափից, առաջացել են չօգտագործված միջոցներ, ուստի կառավարությունն իր այսօրվա նիստում պահուստային ֆոնդից հատկացված ֆինանսական միջոցներն ամբողջությամբ օգտագործելու և ավելի մեծ թվով շահառուների աջակցելու նպատակով որոշեց կառավարության կողմից ծրագրին հատկացված գումարների չօգտագործված մասն ուղղել նոր ծրագրերի իրականացմանը:

 

«Մենք ծրագիր իրականացրեցինք մոտ 500 հողօգտագործողների համար: Այդ ծրագրերը բավականին արդյունավետ իրականացվել են, ու քանի որ հիմա կան չօգտագործված միջոցներ, առաջարկում ենք եւս մի քանի լրացուցիչ ծրագրեր իրականացնել այս աշնան ժամանակահատվածում»,- որոշման նախագիծը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

 

Վարչապետը հետաքրքրվեց, թե Արմավիրի մարզում կարկուտից հետո իրականացված օժանդակության ծրագրերի նկատմամբ ժողովրդի վերաբերմունքն ինչպիսի՞ն է: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կոնկրետ այս ծրագրի մասով կառավարության որոշմամբ սահմանվեցին առաջնահերթությունները, եւ բացի նրանից, որ 50 հազարական դրամ օգնությունը հատկացվեց, նաեւ զբաղվածության որոշակի ծրագրեր իրականացվեցին` հողօգտագործողներն իրենց հողատարածքներում հողի մշակման հետ կապված լրացուցիչ աշխատուժ ներգրավեցին:

 

«Այդ ժամանակահատվածում լրացուցիչ ժամանակավոր զբաղվածություն ապահովվեց` օրական 4000 դրամի չափով եկամուտ վճարվեց աշխատակիցներին, եւ բավականին հաջողված ծրագրեր էին»,- պատասխանեց Արտեմ Ասատրյանը:

 

Տիգրան Սարգսյանը նշեց, թե դա նախարարի գնահատականն է, իսկ ժողովրդի գնահատականն ինչպիսի՞ն է: Արտեմ Ասատրյանը նշեց, որ համապատասխան ուսումնասիրություններ կան, որոնք ցույց են տալիս, որ ազգաբնակչության շրջանում եւս ծրագրերը դրական են գնահատվել: