Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սեպտեմբերի 5-9 Երևանում կկայանա «Երեխաների սնուցման համաշխարհային ֆորումը» (GCNF), որը նվիրված է երեխաների սնուցման խնդրին:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ ԿԳ նախարարի մամուլի խոսնակ Լուսինե Մարգարյանը նշեց, որ ֆորումն անցկացվելու է ՀՀ կառավարության, Բրազիլիայի «Սովի դեմ գերազանցության կենտրոնի» և Երեխաների սնուցման համաշխարհային հիմնադրամի կազմակերպությամբ: Միջոցառման կազմակեպման ընթացքում ՀՀ կառավարությանն օժանդակելու են ՄԱԿ պարենի համաշխարհային ծրագիրն ու ՌԴ Ճյուղային սննդի ինստիտուտը:
«Միջոցառումը հնարավորություն կտա գնահատել փորձնական համարվող «Ազգային դպրոցական սննդի ծրագրի» աշխատանքները, որոնց նպատակն է ստեղծել հանրապետության ղեկավար մարմինների, սննդամթերք արտադրողների և դպրոցների միջև փոխգործակցության համակարգ: Տվյալ համակարգն արդեն իսկ գործում է մի քանի մարզերում` լուծելով ժամանակակից քաղաքակրթության ամենալուրջ խնդիրներից մեկը՝ երեխաների սովի հարցը: Կատարված աշխատանքի շնորհիվ` Հայաստանի տասնյակ դպրոցներ վերազինվել են ժամանակակից սարքավորումներով, խոհարարներն անցել են վերապատրաստում և սովորել հատուկ Հայաստանի համար ստեղծված բաղադրատոմսերի համակարգ»,-ասաց Մարգարյանը:
Ի դեպ, ֆորումի նախապատրաստական աշխատանքներին կարող եք հետևել նախարարության պաշտոնական կայքում և տեղեկատվական գործընկերների նյութերում:
Մարգարյանը նշեց նաև, որ ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի կարևոր ձեռքբերումն է ՀՀ կառավարության կողմից մի շարք ռազմավարական փաստաթղթերի ընդունումն, որն ուղղված է երկրում դպրոցական սննդի զարգացման համար անհրաժեշտ հիմք ստեղծելուն: Օրինակ, ըստ Մարգարյանի, ստեղծվել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ռազմավարությունը, որի նպատակն է ողջ երկրում ներդնել կայուն դպրոցական սննդի համակարգը և կրտսեր դասարանների երեխաներին ապահովել առողջ սննդով, ինչը թույլ կտա բարելավել նրանց առողջությունը, բարձրացնել այցելության մակարդակը և կրթության որակը:
«2015թ. դեկտեմբերի դրությամբ` «Ազգային դպրոցական սննդի ծրագրում» մասնակցում է 3 մարզ` Վայոց Ձորի /45 դպրոց, 2427 երեխա/, Սյունիքի /110 դպրոց, 6197 երեխա/ և Արարատի /109 դպրոց, 13158 երեխա/: Ծրագիրն, ընդհանուր առմամբ, ներառում է կրտսեր դասարանների և նախակրթարանների` մոտ 23.000 երեխաների: ՀՀ կառավարությունը քննարկում է ծրագիրն ընդլայնելու հնարավորությունը և նախատեսում է 2017-ին ներառել Տավուշի մարզը, իսկ 2018-2019թթ. Արագածոտնի և Շիրակի մարզերը: Նման որոշման կայացման հիմք կծառայի «Ազգային դպրոցական սննդի ծրագրի» եռամյա գործունեության արդյունքների գնահատումը»,-իր խոսքն ամփոփեց Մարգարյանը: