կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-29 16:05
Քաղաքական

Ես չեմ բացառում, որ նա այլ հավակնություններ ունի. Լյուդմիլա Սարգսյանը՝ Հեղինե Բիշարյանի մասին

Ես չեմ բացառում, որ նա այլ հավակնություններ ունի. Լյուդմիլա Սարգսյանը՝ Հեղինե Բիշարյանի մասին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՎՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ իր համար անընդունելի է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի ոճը:

Հիշեցնենք, որ Բիշարյանը երեկվա նիստում քննադատության էր ենթարկել ընդդիմության որոշ ներկայացուցիչների և կարծիք հայտնել, որ նրանք սպասարկում են իշխանության շահերը:

«Բիշարյանն ավելի շատ վարկաբեկեց ընդդիմությանը, քան ընդդիմության մյուս ներկայացուցիչները, որովհետև ուղիղ մեղադրանք ներկայացրեց ամբողջ ընդդիմությանը: Ես գտնում եմ, որ ընդդիմադիր դաշտում մրցակցությունը շատ մեծ է, ավելի մեծ, քան իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների մեջ, որովհետև բոլորն են հասկանում, որ իշխանության հետ մրցելը մի փոքր դժվար է, հետևաբար` ամբողջ մրցակցությունն ավելի շատ գնում է ընդդիմադիր դաշտում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ, մյուսին հարվածելով, ավելի չի ուժեղանում և դրանով բացառում է հետագա համագործակցությունը: «Ես դա ազնիվ չեմ համարում»,- ասաց պատգամավորը:

Նա չի բացառում, որ Բիշարյանն այլ հավակնություններ ունի: «Հատկապես որոշ քաղաքական ուժերի ճանապարհին շատ լավ ծանոթ եմ, ոչինչ չեմ բացառում, բայց ես ինքս այդ վարքագծի մարդ չեմ եղել և համարում եմ, որ կշիռ պետք է ձեռք բերես քո տեսակով ու վարքագծով, ոչ թե` ուրիշներին հարվածելով»,- նշեց Սարգսյանը:

Արձագանքելով դիտարկմանը, թե Հեղինե Բիշարյանը, ակնարկելով, որ որոշ ընդդիմադիր գործիչներ իշխանություններին են ծառայում, նկատի ուներ նաև Նիկոլ Փաշինյանին, պատգամավորը նշեց. «Նման փաստեր ես չունեմ, նման պիտակավորում ամրացնելու տրամադրություն էլ չունեմ: Չեմ կարող ո՛չ հաստատել, ո՛չ էլ հերքել, բայց տեսնում եմ, որ Նիկոլի պահվածքը բավականին համարձակ է ԱԺ-ում: Նա մշտապես քարկոծում է իշխանությանը: Թե դա ինչո՞վ է պայմանավորված, ես չէ, որ պետք է պատասխանեմ: Համենայն դեպս, ես տեսնում եմ, որ նա հանդես է գալիս արմատական ընդդիմության դիրքերից: Մնացածն արդեն ժամանակը ցույց կտա»: