կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-27 12:50
Իրավական

Ոստիկանության աշխատակիցները սպառնում են «ԱրմենՏել»-ի պահպանությունն իրականացնող պահնորդներին

Այս պահին ոստիկանության ՊՊԳՎ-ի կողմից պահնորդական ծառայություն իրականացնող աշխատակիցները սպառնում են հանրապետության տարբեր մարզերում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի օբյեկտների պահպանությունն իրականացնող` «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ի աշխատակիցներին՝ պահանջելով տարածքի պահպանությունը հանձնել իրենց: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը:

Նրան լրագրողների ներկայությամբ զանգահարեցին ընկերության մարզային կառույցների մի քանի ներկայացուցիչներ և հայտնեցին, որ ոստիկանության աշխատակիցները սպառնում են՝ «պոստը չլքելու դեպքում բռնի ուժով տանել ոստիկանության բաժին»:

Նշենք, որ «ԱրմենՏելի» օբյեկտների պահպանությունն այս պահին փաստացի իրականացնում են «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ի աշխատակիցները:

Պետրոսյանը հայտնեց, որ ոստիկանության աշխատակիցներն իրավունք չունեն նման բան պահանջելու, քանի որ կա դատարանի որոշում, որը, որպես հայցի ապահովման միջոց, արգելել է «ԱրմենՏել»-ին փաստացի մատուցվող ծառայության դադարեցում: Ներկայումս դատական գործ է քննվում «ԱմենՏել»-ի և «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ի միջև: Բանն այն է, որ «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել «ԱրմենՏել»-ի համար ֆիզիկական պահպանության ծառայությունների ընտրության բաց մրցությում: Սակայն «ԱրմենՏելը» հրաժարվել է պայմանագիր կնքել պահնորդական ծառայություններ մատուցող «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ի հետ, որակազրկել նրան և որոշել պայմանագիր կնքել մրցույթով 2-րդ տեղ գրաված` ոստիկանության ՊՊԳՎ-ի հետ:

«ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ ոստիկանության աշխատակազմը չի կարող լինել պահնորդական ծառայությունների մատուցման պայմանագրի կողմ, քանի որ իրականացնում է օբյեկտների և գույքի պետական պահպանություն, իսկ մասնավոր պահնորդական կազմակերպությունները, ինչպիսին է «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ն, իրականացնում է մասնավոր պահպանություն, հետևաբար` ոստիկանությունը, գտնվելով գերիշխող դիրքում, չէր կարող մրցակցային պայքարի մեջ մտնել մասնավորի հետ: Բացի այդ, ըստ նրա, ոստիկանությունը` որպես պետական մարմին, քաղաքացիա-իրավական հարաբերություններին մասնակցում է պետության անունից և, որպես պետական մարմին, ազատված է հարկեր վճարելու պարտականությունից: Իսկ մասնավոր ընկերությունը, որը ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտ է, ստանում է շահույթ և պարտավորվում հարկեր վճարել պետությանը:

Պետրոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «ԱրմենՏել»-ն իրենց ընկերությանը որակազրկելու համար հիմք է ընդունել ոստիկանության կողմից ձեռք բերված՝ հարկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունն այն մասին, որ պայմանագիր կնքելու պահին ընկերությունն ունեցել է ոչ թե 100, այլ 80 աշխատակից: Սակայն, ըստ բանախոսի, այդ հանգամանքը ձևական պատրվակ էր, քանի որ նախորդ տարի, երբ իրենք իրականացրել են նույն ընկերության օբյեկտների պահպանությունը, նման պահանջ չի դրվել:

Ներկայումս Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ «ԱրմենՏել»-ի՝ պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու վերաբերյալ: Դատարանը դեռևս այս գործով վերջնական դատական ակտ չի կայացրել:

Ընկերության փաստաբան Վարուժան Փաշոյանի խոսքով՝ «ԱրմենՏել»-ի ներկայացուցիչը դատարանում բացահայտ հայտարարել է, որ ցանկացել է պայմանագիր կնքել ոստիկանության հետ, ոչ թե` իրենց, այսինքն` ընկերությունը բացահայտ հայտարարել է, որ մրցույթի պահանջներն իրենց համար կարևոր են:

Ոստիկանության աշխատակիցների կողմից «ՏՐԱՆՍ-ՍՖԵՐ» ՍՊԸ-ի աշխատակիցներին սպառնալու վերաբերյալ ահազանգերը՝ Yerkir.am-ի տեսանյութում: