կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-25 10:24
Հասարակություն

Հիշողությունը չի կարելի պղտորել, այն խաղաղության և ապագայի աղբյուրն է. Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հիշողությունը չի կարելի պղտորել, այն խաղաղության և ապագայի աղբյուրն է. Հռոմի պապն այցելել է Ծիծեռնակաբերդ

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Հռոմի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի և Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր: Հանրապետության Նախագահը և երկու հովվապետերը հարգանքի տուրք են մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Սրբազան Քահանայապետը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին և աղոթել: Հռոմի պապը ՀՀ Նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ այնուհետև ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, որտեղ հոգևոր դասը կատարել է Բարեխոսական կարգի արարողություն՝ հայցելով այլևս սրբադասված նահատակների բարեխոսությունը:

Ֆրանցիսկոս պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում: «Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և գիտենա չարության փոխարեն ապրել բարությամբ: Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և իմաստնություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ոչ պղտորել, ոչ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան Քահանայապետը:

Հուշահամալիրում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

Ֆրանցիսկոս պապը և Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Ծիծեռնակաբերդում հրաժեշտ են տվել հանրապետության նախագահին ու առաջին տիկնոջը և ուղևորվել Գյումրի, որտեղ Սուրբ Վարդանանց հրապարակում սրբազան քահանայապետը, Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթակցությամբ, լատինական ծեսով կմատուցի Սուրբ Պատարագ: