կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-06-21 14:32
Քաղաքական

ՀՅԴ-ի մտահոգությունը

ՀՅԴ-ի մտահոգությունը

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքում գրված համատեղ հայտարարությանը, ասաց, որ այն մի քանի բանի մասին է խոսում, որոնց իրագործումը ժամանակի ընթացքում հնարավոր կլինի տեսնել:

Մանոյանի բնորոշմամբ՝ հանդիպման ընթացքում խոսվել է գրեթե ամեն ինչի մասին՝ վերահսկման մեխանիզմների հաստատման, ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման, և ընդհանուր տպավորությունը դրական է, սակայն նա ընդգծեց, որ որոշակի մտահոգություններ ունի: «Մեր մտահոգությունն այն է, որ երբ արդեն լուրջ բանակցությունները  սկսվեն հարցի կարգավորման շուրջ, հայկական կողմի վրա, Լեռնային Ղարաբաղի վրա ճնշումները կմեծանան, որովհետև պարզ է, որ համանախագահները պետք է ցանկանան բավարարող բան տալ Ադրբեջանին, և դա կարող է լինել այն, որ, առանց բոլոր սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության, արդեն սկսեն մշակել համապարփակ համաձայնագիրը, ինչը կարող է այլ հետևանքներ ունենալ»,- ասաց Մանոյանը:

Ըստ նրա` առանց հիմնական սկզբունքների շուրջ համաձայնագրի մշակման, կարող է գալ մի պահ, երբ համանախագահներն ասեն՝ եթե այսքանին համաձայնել եք, եկեք կիրառենք: «Այսինքն՝ փաթեթային լուծումը կարող է փոխվել և դառնալ ոչ թե փաթեթային, այլ հանգրվանային լուծում, ինչը մեր շահերից չի բխում: Այսինքն՝ եթե արդեն սկսեն համապարփակ կարգավորման գործընթաց՝ առանց հիմնական սկզբունքների շուրջ համաձայնությունների, ապա կարող է գալ մի պահ, որ համանախագահ պետությունները կողմերին կասեն՝ եթե այսքանի շուրջ համաձայնել եք, եկեք էսքանն էլ սկսենք իրագործել: Մադրիդյան սկզբունքներ կոչվածը, որն ասում են՝ հակամարտության փաթեթային լուծում է, կարող է հանկարծ վերածվել հանգրվանային լուծման, ինչը մեր շահերից չի բխում: Մադրիդյան սկզբունքներին ՀՅԴ-ն մշտապես դեմ է եղել, սակայն, Հայաստանի իշխանությունների կողմից դա, որպես հիմք, ընդունվել է, և հիմա մեր մտահոգությունն այն է, որ այդ փաթեթային լուծում կոչվածը չխեղաթյուրվի և դառնա հանգրվանային լուծում»,- մանրամասնեց Մանոյանը:

Նրա կարծիքով` հայկական կողմից է կախված` արդյունք կտա՞ այդ ճնշումը, թե՞ ոչ:

Հարցին, թե Ադրբեջանի նկատմամբ ճնշումների հավանականություն տեսնո՞ւմ է, այդ թվում` հետաքննական սարքերի տեղադրման, մեխանիզմների վերաբերյալ, Կիրո Մանոյան պատասխանեց` այն, որ արբեջանական կողմը դրական է արտահայտվում դրան, չի բացառվում, որ նման լուծումների համաձայնի Ադրբեջանը: «Բայց դա Ադրբեջանի վրա ճնշումի հետևանք է, այնպես չէ, որ իր պարզ ցանկությամբ է Ադրբեջանը համաձայվում»,- ասաց նա և ընդգծեց, որ, փաստորեն, միջազգային հանրությունը ճնշում է բանեցնում Ադրբեջանի վրա, որ համաձայնություն լինի վստահության մթնոլորտին ուղղված մեխանիզմների հարցում: «Հիմա ավելի շատ է ճնշումը Ադրբեջանի վրա, իսկ վերջում արդեն՝ մեզ վրա»,- ասաց Մանոյանը: