կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-18 13:50
Հասարակություն

Ես կիսում եմ դիմորդների մտահոգությունը. Ա. Աշոտյան

Ես կիսում եմ դիմորդների մտահոգությունը. Ա. Աշոտյան

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն անդրադարձել է տարեվերջին Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից հրապարակված «Հայոց լեզու և գրականություն» առարկայի շտեմարաններին, որոնք դիմորդների և մասնագետների շրջանում որոշակի դժգոհությունների տեղիք են տվել:

 

Նախարար Ա. Աշոտյանը համոզմունք է հայտնել, որ շտեմարանների վերաբերյալ առկա բողոքները նույնպես լրացուցիչ ապացույց են, որ շտեմարանը քննական ճիշտ եղանակ է:

 

«Եթե չլինեին թեստային որոշ առաջադրանքների հետ կապված հանրային քննարկումները, մասնագետների կողմից չբարձրաձայնվեին դիտողությունները, որևէ երաշխիք, որ վիճելի առաջադրանքները չէին սպրդի քննաթերթիկներ, չէր լինի: Իսկ այս դեպքում մենք ունենք հնարավորություն` մինչև քննաշրջան «մաքրելու» քննական առաջադրանքները վիճահարույց, դպրոցական ծրագրերից դուրս, ինքնանպատակ բարդեցված և տվյալ առարկայի իմացության հետ որևէ կապ չունեցող առաջադրանքներից: Ես միացնում եմ իմ ձայնը դիմորդների բողոքներին և կիսում նրանց մտահոգությունները»,- նշել է նախարարը` ավելացնելով, որ շտեմարաններ կազմելը նախարարության անմիջական գործառույթներից դուրս է, դրանով զբաղվում է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

 

Նախարարի կողմից ԳԹԿ-ին առաջարկ է ներկայացվել վերանայել «Շտեմարան»-ում առկա վիճահարույց հարցերը:«ԳԹԿ-ի կողմից կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ, որպեսզի հնարավոր լինի զատել բարդ, բայց ծրագրի շրջանակում գտնվող թեստը ծրագրից դուրս գտնվող ու իրական գիտելիքի ստուգման հետ կապ չունեցող թեստերից: Կարծում եմ, որ այս ընթացքում պետք է մասնագիտական քննարկումները հնարավորինս թեժ լինեն, որը կնպաստի որակյալ քննական թեստեր ունենալուն»,- նշել է նախարարը` խոստանալով հետևողական լինել, որ քննական թերթիկներում որևէ անորակ, ցածրորակ, սխալ կազմված թեստ չլինի: