կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-20 16:42
Իրավական

Ժիրայր Սեֆիլյանի անվան հետ կապված գործով կալանավորվածները հանրությանը հայտնի անձինք չեն

Ժիրայր Սեֆիլյանի անվան հետ կապված գործով կալանավորվածները հանրությանը հայտնի անձինք չեն

Քիչ առաջ տեղեկություն տարածվեց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ բերման են ենթարկվել Վարուժան Ավետիսյանը, Արմեն Միքայելյանը, Վիտո Դավթյանը, Արմեն Լուսինյանը, Էդուարդ Գրիգորյանը, Երեմ Խոնդկարյանը:

Yerkir.am-ը ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացավ, որ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու գործի շրջանակներում հիշյալ անձինք բերման չեն ենթարկվել, այսինքն` նման հանձնարարություն քննիչը չի տվել:

Հիշեցնենք, որ 2016թ. մայիսի 20-ին Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղու սկզբնամասում տեղի ունեցած ՃՏՊ-ի վայր ժամանած ոստիկանության ծառայողները պատահարի մասնակցի ավտոմեքենայից հայտնաբերել են ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտով: Հիշյալ ավտոմեքենայի վարորդն ու ուղևորն ապօրինի կերպով զենք և ռազմամթերք պահելու և փոխադրելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանություն:

Yerkir.am-ի տեղեկություններով` հիշյալ դեպքը տեղի է ունեցել մոտ մեկ ամիս առաջ, և այս գործով կալանավորված անձինք հանրությանը այնքան էլ հայտնի չեն, «Նոր Հայաստանի» հետ առնչություն չունեն:

Նշենք, որ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու և պահելու համար, ութ անձի առաջադրվել է մեղադրանք, նրանցից վեցը կալանավորվել են, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Առաջադրված մեղադրանքները հիմնավորվել են ինչպես գործով ձեռք բերված բազմաթիվ ապացույցնելով, այնպես էլ՝ խմբի անդամների խոստովանական ցուցմունքներով: Քրեական գործի շրջանակներում համատեղ կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ նա կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ընդ որում` խմբի անդամները որոշ հանցավոր գործողություններ ծրագրել էին իրականացնել ապրիլյան պատերազմին հաջորդող ժամանակահատվածում:

Մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու կասկածանքով` 2016թ. հունիսի 20-ին Ժիրայր Սեֆիլյանը ձերբակալվել է:

Թե ինչ առնչություն են ունեցել կալանավորված անձինք Ժիրայր Սեֆիլյանի հետ և կոնկրետ ինչ ենթադրյալ գործողություններ էին մտադրվել կատարել` կպարզվի առաջիկայում: