կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-07-28 12:46
Հասարակություն

Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն իշխանության համար վտանգ չեն ներկայացնում. Ազատ Արշակյան

Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն իշխանության համար վտանգ չեն ներկայացնում. Ազատ Արշակյան

ՀՀ ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր  լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց ՊՊԾ գնդի շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին:

Արշակյանի խոսքով՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, երբ ստանձնել էր միջնորդի առաքելությունը, պետք է պետության կողմից լիազորություններ ունենար հայտարարելու՝ զինյալներից նրանք, ովքեր մարդ չեն սպանել, եթե ինքնակամ, առանց զենքի հանձնվեն, ազատ կարձակվեն:

«Վիտալի Բալասանյանին այդ լիազորությունները չտվեցին: Հիմա էլ այնպիսի իրավիճակ է, որ տեսնում ենք ձայնագրություններ կան, որոնք փաստում են այն, որ այդ ջոկատում կան մարդիկ, ովքեր անտեղյակ են եղել օպերացիայի բովանդակությանը: Մեր իշխանությունը կարող էր առաջարկել հետևյալ բանաձևը. ովքեր դուրս են գալիս զորամասի տարածքից,  թողնվում են, որ գնան, բայց մարդասպանները, ովքեր որ կրակել են ոստիկանական  զորամասում գտնվողների վրա, այնտեղ հայտնվածների վրա, պետք է պատժվեն»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ «Սասնա ծռեր» խմբավորման պահանջներից մեկը կարելի էր կատարել. «Հնարավոր էր քաղբանտարկյալներին ազատ արձակել, Շանթ Հարությունյանը թող գնար միտինգ աներ, Ժիրայր Սեֆիլյանը թող գար այնտեղ, միտինգ աներ, մենք բոլորս գիտենք  նրա ընտրազանգվցածին, 4-5 տարի է հայտնի է: Այդ քանակությունը պետության ու իշխանության համար վտանգավոր չեն: Ժիրայր Սեֆիլյանի կողմնակիցներն իշխանության համար վտանգ չեն ներկայացնում, երբ դրանք խաղաղ, օրինապահ միջոցառումներ են անում»:

Արշակյանի բնորոշմամբ՝ եթե նրանց բաց թողնեին, դա ոչ թե իշխանության թուլության նշան կլիներ, այլ՝ մեծահոգության:

Անդրադառնալով նրան, որ զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի ներսում հարկադրաբար պահում էին նախ ոստիկաններին, հիմա էլ արդեն բժիշկներին՝ընդգծեց, որ երկու դեպքում էլ անընդունելի ու սխալ է համարում զինված խմբի անդամների պահվածքը:

«Պատանդ վերցնելը անթույլատրելի է, դա  բերում է ահաբեկչության: Եթե պատանդ  ես վերցրել, դու սպառնում ես, որ նրան կսպանես, տեռոր է ուրեմն: Եթե բժիշկը եկել է բուժօգնություն ցույց տալու, կամ էլ եթե պարզապես անմեղ մեկը ու դու նրան հարկադրաբար պահում ես այդ տարածքում և սպառնում ես՝ եթե ցանկություններս չկատարի իշխանությունը, ես այս անմեղ մարդկանց կգնդակահարեմ, դա տեռոր է»,- ասաց նա՝ ընդգծելով, որ հանրահավաքների ընթացքում զինված խմբի համակիրները բառախաղ են անում. «Հանրահավաքում բառախաղ են անում՝ ասելով, որ նրանք պատանդ չեն, բա եթե մարդը իր կամքին հակառակ գտնվում է այդ վայրում,  չի՞ ստացվում՝ նա արդեն  պատանդ է: Ոստիկաններն էլ, բժիշկներն էլ իրենց կամքին հակառակ են այնտեղ հայտնվել: Ես կարծում եմ, որ նրանց պատանդ վերցնելը օպերացիայի տրամաբանությանը հակառակ է, վնաս է նաև հեղափոխականներին»: