Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ) նոր հարկային օրենսգրքին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել` պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում ծավալվեն արդյունավետ քննարկումներ օրենքի նախագծի շուրջ: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում` հավելելով, որ նոր օրենսգրքում որքան էլ խնդիրներ լինեն, դրանք չի կարելի միանշանակ քննադատության ենթարկել, քանի որ առջևում քննարկումներ են, որոնք կարող են շատ հարցեր շտկել:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ, մինչև երկրորդ ընթերցում, հարցերը, որոնք անհանգստացնում են գործարար աշխարհին, անպայման ուղղվեն: Ես պարտավոր չեմ արտադրության բոլոր ոլորտներին մանրամասն տիրապետել, ես գլոբալ հարցերի մասին եմ խոսում, որ այնտեղ կան հարցեր` փաթեթ առ փաթեթ, կետ առ կետ, և բոլոր կետերով մենք անցնում ենք»,- ասաց պատգամավորը` հավելելով. «ԱԺ-ում պարբերաբար լսումներ են կազմակերպվում, մենակ ԱԺ պատգամավորները չէ, որ ներկա են լինում այդ լսումներին: Չմոռանանք, որ բիզնես խավի ներկայացուցիչները ևս մասնակցում են, ամեն մեկն իր տեսակետն է ասում, և, օրենքի վրայով անցնելով, գնում ենք»:
Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ մինչև սեպտեմբեր շատ բան կարող է փոխվել, բայց, միաժամանակ, կարծիք հայտնեց, որ ինքն անձամբ պարտավոր չէ 1000 էջանոց փաստաթղթի մանրամասներին տիրապետել, բոլոր դրույթներին ծանոթանալ և ֆիքսել, թե որ կետը որքանով կարող է վնասել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին:
«Մենք ամեն ինչ անում ենք, որ շահութահարկի մեկ տոկոսը, որն անհանգստացնում է, լուծելի հարց դառնա: Ցանկացած հարկի բարձրացում դժգոհություն է առաջացնում, բայց մենք, միևնույն ժամանակ, պետք է հասկականք, որ հենց այնպես չեն արվում այդ բարձրացումները: Բյուջեի հետ կապված խնդիրներ կան, բյուջեի կատարողականի հետ կապված խնդիրներ կան:
Փողը երկու երես ունի, էլի, ու ասել, որ կառավարությունն ամեն ինչ ուզում է անի, որ արտադրողների համար վատ լինի, ճիշտ չէ, ես չեմ հավատում դրան»,- նշեց նա` ընդգծելով, որ լավ կլինի` մինչև սեպտեմբեր մասնագիտական խորհրդատվություն անցկացվի, և կոմպետենտ մարդիկ իրենց գիտելիքները ներդնեն, ու մինչև օրենսգրքի երկրորդ ընթերցում համապատասխան փոփոխությունները կյանքի կոչվեն:
«Կառավարությունը բոլոր հնարավորությունները տվել է, ասել է` որ կետն անհանգստացնում է, կքննարկվի, ուղղությունները կփոխվեն, և հնարավոր կլինի գալ լավագույն տարբերակին, որը բոլորի համար ձեռնտու կլինի: Ճիշտ մոտեցում էր կառավարության կողմից, ես դրան կողմնակից եմ»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե հնարավո՞ր չէր նոր հարկային օրենսգրքի քննարկումները կազմակերպել մինչև խորհրդարան բերելը, Պետրոսյանը պատասխանեց. «Ինձ չի թվում, որ խիստ տարբերություն կա` մինչև ԱԺ, թե` առաջինից երկրորդ ընթերցում: Կարևորը վերջնական տարբերակի ընդունումն է, տարբերություն չկա: Մենք կողմ ենք քվեարկել` պայմանով, որ մինչև երկրորդ ընթերցում քննարկումներ անեն: Մենք ընդհանուր շահի տեսանկյունից պետք է նայենք այս հարցին և ամեն ինչ անելու ենք, որպեսզի այն կնճռոտ հարցերը, որոնք կան օրենսգրքի մեջ, հնարավոր լինի փոխել»,- եզրափակեց պատգամավորը: