Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնի է, որ, կառավարությունը, ի տարբերություն բնակչության, չի սուբսիդավորելու խոշոր բիզնեսի` օգոստոսի 1-ից թանկացած էլեկտրաէներգիայի սպառումը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է շուրջ 7 դրամով: Նշենք նաեւ, որ այսօր արդեն ՀԷՑ-ն աուդիտի անցկացման բաց մրցույթի մասին հայտարարություն է տարածել, և նախնական գնահատականներով` աուդիտի ժամկետը կկազմի երեք ամիս ու կսկսվի հոկտեմբերից:
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), որի ընտանիքին է պատկանում «ՄԱՊ» գործարանը, հայտարարեց` քանի որ իրենց էլեկտրաէներգիայի ծախսը չի սուբսիդավորվելու, իրենց արտադրանքը կթանկանա:
«Դե, արդեն ինչ որոշել, որոշել են: Իիմ տեսակետը ինչի՞ վրա պետք է ազդի: Դե, եթե կառավարությունը հարմար է գտել այդպես անել, ես կարծում եմ, որ տենց էլ պետք է լինի: Վնասով աշխատում էինք, հիմա թող մի քիչ էլ շատ վնաս լինի, էլի, ի՞նչ ա եղել»,- կեսկատակ, կեսլուրջ ասաց Պետրոսյանը` հավելելով. «Էնքան խոսեցիք գերշահույթի մասին, որ հիմա բոլոր հիմնարկները փակվում են, էնքան ասեցիք` գերշահույթ, գերշահույթ, խոշոր բիզնես, մի անգամ չասեցիք, որ էս ամբողջ աշխատողներին, էդ հազարավոր մարդկանց հենց էդ խոշոր բիզնեսն է պահում: Ինչի՞, Հայաստանում «գերշահույթ» հասկացություն կա: Ես որ դրա մասին չգիտեմ: Արդեն երեք տարի է` Հայաստանում «գերշահույթ» հասկացությունից զրկված ենք»:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց նաև, որ եթե անգամ ասի, որ անարդար է այն, որ իրենց ծախսածը չի սուբսիդավորվելու, որևէ բան չի փոխվի: «Ես մտածում եմ`եթե կառավարությունը հնարավորություն ունենար, նման որոշում չէր կայացնի: Ի՞նչ ասեմ ես: Հիմա ամեն տարի ինչ-որ բան թանկացնում են, իբր նորությո՞ւն ա: Հիմա ձևն էս ա, ի՞նչ ասեմ: Ասեմ նաև, որ ինչքան էլեկտրաէներգիան թանկանա, մեր արտադրանքն էլ է թանկանալու: Այսինքն` մտնում է ինքնարժեք, իհարկե, պետք է թանկանա: Այո, թանկացնելու եմ»,- ասաց Պետրոսյանը:
Նա անդրադարձավ նաև այն տնտեսվարողների հայտարարությանը, համաձայն որի` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը չի ազդելու իրենց արտադրանքի արժեքի վրա: «Չի կարա իրենց ապրանքը չթանկանա. էներգակիր ա թանկանում, աշխատավարձ պետք ա տանք, բա ո՞նց չթանկանա: Էդ բոլոր ծախսերից է ինքնարժեքը լինում, որ ասեմ` չենք թանկացնելու, ո՞վ կհավատա: Իհարկե, կթանկացնենք: Ամիսը նոր է վերջացել, դեռ հաշվարկ չենք արել, կանենք, կտեսնենք` ինչքան ա, ինչ ա, ոնց ա»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Ըստ նրա` շատ հնարավոր է, որ ուրիշները լավ էլ թանկացնում են, բայց ճիշտը չեն ասում: «Ինձ մոտ տրամաբանական հարց ա առաջանում` ինչի՞ պետք ա չթանկացնեն: Տրամաբանություն չկա այդ գործողություններում: Սենց մի տարբերակ էլ կա` կարող ա էներգակիրն իրենց արտադրանքի մեջ շատ մեծ տոկոս չի կազմում»,- նշեց Պետրոսյանը:
Ըստ պատգամավորի` նա է գերշահույթից խոսում, ով իր կյանքում մի շիշ բան չի արտադրել, մի հատ լավաշ չի թխել: «Այ, որպեսզի ինքը ճիշտ խոսի, թող գնա մի փոքր արտադրություն վերցնի, մի հինգ հոգի մարդ վերցնի, ամիսը վերջանա, էդ հինգ հոգու աշխատավարձը տա, հետո նոր որոշի: Ընդհանրապես, ուրիշի փողերը հաշվելը հեշտ է, էլի, բայց ճիշտ չէ»,- եզրափակեց Պետրոսյանը: