կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-26 17:46
Քաղաքական

Նախարարը հոռետես չէ. ամեն ինչ այնպես չէ, ինչպես գրում են

Նախարարը հոռետես չէ. ամեն ինչ այնպես չէ, ինչպես գրում են

Այսօր ԱԺ-ում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխությունների հարցը, ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին նոր սերնդի ՀԴՄ-ների մասին, թե ի՞նչ կարժենան դրանք, և ովքե՞ր պետք է գնեն այդ հաշվիչ դրամարկղերը:

 

Նախարարը նշեց, որ կառավարությունը նախաձեռնել է կոնկրետ ծրագիր` համաֆինանսավորման հետ կապված, այսինքն` այն տնտեսվարողները, ովքեր ունեն տնտեսական փոքր շրջանառություն, կհամաֆինանսավորվեն մասնակի կամ ըստ գոտիականության:

 

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգություն հայտնեց, որ կառավարությունը, անընդհատ օրենքներ փոփոխելով, առաջացնում է իրավական անկանխատեսելիություն ՓՄՁ-ների համար, մարդիկ չեն կարողանում ներդրումներ անել կամ որևէ բիզնես բացել: Նրա կարծիքով՝ բիզնեսմենին հետաքրքիր չեն քաղաքական խմորումները, այլ անհրաժեշտ է իրավական կանխատեսելիություն:

 

Կարեն Ճշմարիտյանը նշեց, որ ինքն այդքան հոռետես չէ և չի մտածում, թե ոչ մեկի մոտ հավատ չկա: «Եթե շատ շփվեք ռեալ գործարար հատվածի հետ, այդքան էլ այդպես չէ, ինչպես գրում են ու շեփորահարում: Կան փոքր ձեռներեցներ, կան նոր գաղափարներ: Եթե կանխատեսելիություն չլիներ, Հայաստանում չէին նախաձեռնի խոշոր ծրագրեր` Թեղուտ Որոտան, կորեական ծրագիր և այլն: Օտարերկրյա ներդրողները հաշվարկում են ամեն ինչ, զգույշ են ու նայում են ռեալ թվերին, ոչ թե ինչ են գրում ու ասում լրատվամիջոցները»,- ասաց նախարարը:

 

Նրա խոսքով` կարևոր է, որ կառավարությունը փորձում է վարչական մահակը փոխարինել տնտեսականով: «Գործարները պետք է լինեն փաստաթղթավորված, և դրա համար պետք է լինի տնտեսական հիմք»,- ասաց նախարարը:

 

Էդմոն Մարուքյանը արձագանքեց` ասելով, որ ինքը նկատի ունի փոքր ձեռնարկատերերին, փոքր խանութ ունեցողների, տաքսի ծառայություն ունեցողների և այլն: «Այդ մարդիկ անընդհատ ցնցումների մեջ են, պետք է իրավական կանխատեսելիությունը պահպանվի, մարդիկ հավատան ու բիզնես կսկսեն»,- ասաց պատգամավորը:

 

ՕԵԿ-ական Լևոն Դոխոլյանը նույնպես մտահոգություն հնչեցրեց, որ ՓՄՁ-ները փակվում են, ինչին նախարարը չհամաձայնեց, որովհետև բոլորը խոսում են փակվող ՓՄՁ-ների մասին, սակայն ոչ ոք չի խոսում բացվող ՓՄՁ-ների մասին: