կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-24 13:30
Քաղաքական

Չլինել հոռետես. կառավարության ներկայացուցչի հորդորը՝ պատգամավորին

Չլինել հոռետես. կառավարության ներկայացուցչի հորդորը՝ պատգամավորին

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր 2015թ. բյուջեի կատարողականը: ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին:

«Ձեր խոսքից ես հասկացա, որ ոչ թե ծառայողական մեքենաներ են կրճատվել, այլ չօգտագործվող մեքենաներ են կրճատվել, ոչ թե պետական ուռճացված ապարատն է կրճատվելու, այլ ուղղակի վերաիմաստավորվելու են հաստիքները»,- ասաց պատգամավորը:

Նրան հետաքրքրում էր կառավարության պատվերով արված հետազոտական աշխատանքը, որը պետք է պարզեր, թե որքան արդյունավետ է աշխատում կառավարությունը: «Մենք կարո՞ղ ենք ծանոթանալ այդ հետազոտական կազմակերպության աշխատանքի արդյունքներին: Եթե հանգել է եզրակացության, որ կառավարությունն անարդյունավետ է աշխատում, ապա ի՞նչ է անում կառավարությունը: Իսկ եթե գովում է կառավարության աշխատանքը, ուրեմն արդյո՞ք դա օբյեկտիվ գնահատական է: Ուզում եմ հասկանալ այդ ընկերությանը տրամադրած ծախսի իմաստը»,- ասաց Էդմոն Մարուքյանը:

Դավիթ Հարությունյանը նախ խորհուրդ տվեց Մարուքյանին` չլինել այդքան հոռետես, ապա ասաց, որ 2017թ.-ին 109 մեքենայի ծախս բյուջեից դուրս է գալու, և այդ 109 մեքենաների թվում, բնականաբար, կան չօգտագործվող մեքենաներ:

Ինչ վերաբերում է հաստիքների կրճատումներին, նախարարն օրինակ բերեց կառավարության աշխատակազմի իրավական ծառայությունը, որը սպասարկում է տարեկան 9000 գրություն, փաստաթուղթ, ինչը ահռելի մեծ աշխատանք է, որն իրականացնում է այդ բաժինը` ընդամենը 13 աշխատողներով:

«Խոսել ուռճացման մասին, փաստորեն, սխալ է, բայց ես չեմ համարում արդյունավետ այդ աշխատանքը, այսինքն` 13 հոգով հնարավոր չէ սպասարկել 9000 փաստաթուղթ, ահա թե ինչու խոսեցի ոչ թե կրճատման, այլ վերաիմաստավորման մասին»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է այն հետազոտական աշխատանքին, որը պատվիրել է կառավարությունը` ստուգելու համար իր գործունեության արդյունավետությունը, նախարարը կրկին խորհուրդ տվեց դրան հոռետեսորեն չմոտենալ, որովհետև այդ հետազոտության արդյունքները քննարկվում են նախարարների հետ, և դրանք անհրաժեշտ են լինում վարչապետին կադրային քաղաքականություն իրականացնելիս: Նախարարը հավելեց, որ այդ հետազոտությունների արդյունքները տեղադրված են կառավարության պաշտոնական կայքում:

Էդմոն Մարուքյանը արձագանքեց, որ իր գնահատականները ոչ թե հոռետեսական էին, այլ իրատեսական, իսկ, պետական ապարատի կրճատման հետ կապված, առանձնացնել մի վարչություն, որը ծանրաբեռնված է, և դա օրինակ բերել, հայտնի մեթոդոլոգիա է, բայց դրա մասին չէ խոսքը, այլ ապարատի ուռճացման` մնացած տեղերում էլ պետք է կրճատել աշխատողներին:

«Ես չեմ կարծում, որ 18 նախարարություն պետք է ունենա կառավարությունը 2-3 միլիոն բնակչություն ունեցող երկրում: Կամ` մարզպետարանների աշխատակազմի մասին եմ ուզում խոսել, որոնք ուռճացված են, ու պարզ չէ, թե ինչ խնդիր են լուծում այդ աշխատակազմերը: Մտահոգությունը հետևյալն է, որ այդ կրճատումների մասին հայտարարությունները չմնան հռետորաբանության մակարդակում»,- ասաց Մարուքյանը: