կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-17 11:25
Իրավական

Սեյրան Օհանյանի անվտանգության պետի գործով պատրաստվում են լրագրողի բերման ենթարկել

Սեյրան Օհանյանի անվտանգության պետի գործով պատրաստվում են լրագրողի բերման ենթարկել

Այս պահին ռազմական ոստիկանության աշխատակիցները գտնվում են «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող Քնար Մանուկյանի բնակարանում և պատրաստվում են նրան բերման ենթարկել. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: Ըստ նրա` նման անհեթեթ, ապօրինի որոշում կայացվել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի անվտանգության պետի` Սերգեյ Հայրապետովի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթի կողմից հրապարակվելու պատճառով: Թովմասյանն ընդգծեց, որ իրենց լրագրողը այս գործով որևէ կարգավիճակ չունի:

«Քնար Մանուկյանը չի էլ կարող որեւէ կարգավիճակով անցնել այդ գործով, քանի որ նա ընդամենը լրագրող է եւ արձանագրել է, որ Սեյրան Օհանյանի թիկնապահը մարդ է ծեծել, եւ այդ ծեծի արդյունքում գրվել է նրա համար ցանկալի ցուցմունք: Լրագրողը եղել է ընդամենը արձանագրող, քանի որ աղբյուրները շատ բաց են եւ թափանցիկ, նրանք փաստաբաններն են: Սա ինչ ապօրինություն է, սա լկտիություն է եւ իրավական դաշտի անարխիայի դրսեւորում է»,- ասաց Թագուհի Թովմասյանը: 

Նշենք, որ քիչ առաջ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Armlur.am կայքի կողմից տարածվում են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ՀՀ ՌՈ աշխատակիցները բերման են ենթարկում իրենց աշխատակցին: Տեղեկացնենք, որ ՀՀ ՌՈ-ը նման գործառույթ իրականացնել չի կարող: Խոսքը գնում է ՀՀ Քննչական Կոմիտեի քննիչի օրենքով նախատեսված ծանուցագրի պահանջները չկատարելու մասին»: