Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու մեջ մեղադրվող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվի. այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթացող դատական նիստի ժամանակ ասաց Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը` ներկայացնելով դատախազության և տուժող կողմի բողոքների վերաբերյալ իր առարկությունները։
ՊՆ նախկին նախարարի պաշտպանի խոսքով` պետք է մերժվեն Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքները: «Բողոքները չմերժելու և նոր դատական ակտ կայացնելու դեպքում համարում եմ, որ Վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը 300.1-րդ հոդվածի մասով կարճելու և իմ պաշտպանյալ Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին»,–պարզաբանեց նա:
Ինչ վերաբերում է իր պաշտպանյալ Սեյրան Օհանյանին առաջադրված` Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սամնադրականության հարցին, ապա, Կարեն Մեժլումյանի հավաստիացմամբ, 2008թ. մարտիմեկյան իրադարձություների ժամանակ ՀՀ քրեական օրենսգիրքը 300.1 հոդվածով լրացված չի եղել: Փոխարենը գործել է 300 հոդվածը, այն է` իշխանությունը յուրացնելը, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, իսկ Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը լրացվել և դարձել է 300.1 միայն 2009թ. մարտին։
Պաշտպանը նաև հավելեց, որ առաջադրված մեղադրանքը փոփոխվել է «Յոթի գործով»՝ միջազգային ճնշումների արդյունքում։
Մեժլումյանի պնդմամբ` 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո ընդդիմության ղեկավարները կալանավորվել են: Համապատասխանաբար, նրանց մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 225–րդ և 300–րդ հոդվածի հատկանիշներով, այն է` պետական իշխանությունը յուրացնելը՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններով:
«ԵԽԽՎ–ն 2008թ. մի քանի բանաձևեր ընդունեց, համաձայն որոնց` Մարտի 1-ի իրադարձություններից հետո կալանավորված անձինք, այդ թվում` ընդդիմության առաջնորդները, որոնց մեղադրանքներ է ներկայացվել քաղաքական շարժառիթներով, պետք է ազատ արձակվեն։ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ալեքսանդր Ազարյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Հակոբ Հակոբյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին այդ ժամանակ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300 հոդվածի 1–ին մասի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ»,– մանրամասնեց նա`միաժամանակ շեշտելով, որ ինչպես «Յոթի գործը», այնպես էլ իր պաշտպանյալի և մյուսների վերաբերյալ գործըն անջատվել է Մարտի 1-ի մայր գործից։
«ԵԽԽՎ բանաձևերից և Հայաստանի նկատմամբ ճնշումներից հետո մարտի 24–ին ԱԺ–ն շուտափույթ օրենք ընդունեց քրեական օրենսգիրքը փոփոխելու և 300–րդ հոդվածը 300.1 հոդվածով խմբագրելու մասին։ 2009թ. մարտի 31–ին գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի և մյուսների նկատմամբ 300–րդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին՝ նրանց արարքում հանցագործության բացակայության հիմքով, ինչից հետո դատարանը որոշում կայացրեց այդ մասով քրեական գործի վարույթը կարճել»,– պարզաբանեց փաստաբանը` փաստարկելով, որ, այսպիսով, միջազգային կառույցները, օրենսդիր մարմինը, դատախազությունը և դատարանը` գործելով Հայաստանի Հանրապետության անունից, համարել են, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նոր հանցակազմեր են։
«Նման պարագայում Սեյրան Օհանյանին և մյուսների նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր Ազգային ժողովի կողմից 2009թ. մարտի 18–ին ընդունված օրենքի հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվեր»,- նշեց Մեժլումյանը ու փաստեց` առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քրեական գործի վարույթը կասեցնելով և գործը Սահմանադրական դատարան ուղարկելով` շատ ավելի ռացիոնալ լուծում է գտել։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշում էր կայացրել, որով կասեցվել էր Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործի վարույթն, ու այն ուղարկվել էր Սահմանադրական դատարան` պարզելու համար գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի` մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոփոխելու հարցը: