Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական Մոսկվան երեկ հաստատեց, որ Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայանալու է եռակողմ հանդիպում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև՝ կապված ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ: Այն հանգամանքը, որ հանդիպման մասին ռուսական կողմը հայտարարում է պաշտոնապես, նշանակում է, որ թե' ադրբեջանական և թե' հայկական կողմերը տվել են դրան մասնակցելու իրենց վերջնական համաձայնությունը:
Այսօր, սակայն, ԵԱՀԿ մամուլի հետ կապերի բաժնի ղեկավար Նատաշա Ռաջակովիչը ռուսական ТАСС գործակալությանն ասել է, թե ԵԱՀԿ-ն կայանալիք այդ եռակողմ գագաթաժողովի կազմակերպմանը չի մասնակցում: «ԵԱՀԿ-ն ներգրավված չէ Սանկտ Պետերբուրգում կայանալիք` ԼՂ հակամարտության կարգավորման հարցով գագաթաժողովի կազմակերպման գործում, և մենք չենք կարող այն մեկնաբանել»,- հայտարարել է նա` հավելելով. «Որքանով մենք տեղյակ ենք, այն կկայանա Ռուսաստանի նախաձեռնությամբ»:
Ռաջակովիչի այս պարզաբանումը փաստացի նշանակում է երկու բան: Առաջին՝ այդ հանդիպումը չի կազմակերպվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Երկրորդ՝ այնքանով, որքանով հանդիպման կազմակերպումը ՄԽ եռանախագահության ձևաչափի հետ կապ չունի, այն չի կարող բխել նաև մայիսի 16-ին Վիեննայում ՄԽ համանախագահող երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների միջնորդությամբ կայացած` Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններից:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է ԵԱՀԿ-ն «ձեռքերը լվանում» ռուսական նախաձեռնությամբ առաջիկա հանդիպումից` թվում է, թե այս վճռորոշ պահին:
Վիեննայի հանդիպումից հետո ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, Ֆրանսիայի եվրոպական գործերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրը հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում հստակ նշվում էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հետագա բռնությունների հավանականությունը նվազեցնելու համար հնարավորինս կարճ ժամկետում ԵԱՀԿ-ի կողմից հետաքննությունների մեխանիզմի ներդրման շուրջ, համաձայնել են ընդլայնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունները և համապարփակ կարգավորման հասնելու մտադրությամբ հանդիպել հունիսին: Այս հայտարարությունից, ինչպես նաև Վիեննայի հանդիպումից անմիջապես հետո ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի տված պարզաբանումներից հետում էր, որ հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմների ներդրմանը, որը հայկական կողմը որպես ԼՂ հարցով բանակցությունները շարունակելու նախապայման էր ներկայացնում, տրվելու է առաջնահերթություն: Իսկ հունիսին նախագահների մակարդակով նոր հանդիպումը պետք է հետևեր դրան:
Անցած մեկ ամսում, սակայն, մեխանիզմների մշակման և ներդրման ուղղությամբ ոչ մի գործխնական քայլ չի արվել: ՄԽ համանախագահները Փարիզում և Բրյուսելում, համապատասխանաբար, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին միայն ներկայացրել են դրա հետ կապված նախնական առաջարկություններ: Եվ եղել է միայն Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի հայտարարությունը, թե իր երկիրը ջանք է գործադրում ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցչի՝ ԼՂ հակամարտության գոտում մոնիթորինգ իրականացնող գրասենյակն ընդլայնելու համար բյուջետային միջոցներ գտնելու ուղղությամբ: Սկսած մայիսի 17-ից, իհարկե, շփման գծի երկայնքով պահպանվել է հարաբերական խաղաղությունը: Սակայն դա ոչ թե հրադադարի պահպանման ռեժիմը վերահսկող մեխանիզմների ներդրման շնորհիվ է եղել, այլ բացառապես Ադրբեջանի «բարի ցանկության», որը կապված է Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններով:
Սա նշանակում է, որ Ռուսաստանը Սանկտ Պետերբուգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպել է՝ անտեսելով այն փաստը, որ վիեննական համաձայնությունների մի մասը, որոնց իրագործումը պետք է դառնար նախագահների հանդիպման նախադրյալը, չեն իրականացվել: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Մոսկվան պարզապես Հայաստանին ստիպում է մասնակցել բանակցություններին՝ շատ լավ իմանալով, որ այդ մեխանիզմների ներդրման պահանջը վերջինիս առաջադրած նախապայմանն է: ԼՂ հիմնահարցն օր առաջ լուծելու իր նպատակները Մոսկվան փորձում է իրականացնել Հայաստանի շահերի զոհաբերմամբ: Հանդիպման նախաձեռնումը վերցնելով իր ձեռքը՝ Ռուսաստանը փորձում է վերակենդանացնել, այսպես կոչված, «կազանյան փաստաթուղթը»:
Այս իմաստով ԵԱՀԿ մամլո խոսնակի հայտարարությունն այն մասին է, որ Ռուսաստանը խախտում է Վիեննայի խաղի կանոնները, և դրա համար ԵԱՀԿ-ն պատասխանատվություն չի ուզում ստանձնել, չի ցանկանում մասնակցել այդ ավանտյուրային: Սա չի նշանակում, թե ԵԱՀԿ-ն ընդհանրապես չի ճանաչում այդ բանակցությունները: Եթե Երևանը համաձայնում է այս պայմաններում մասնակցել առաջիկա հանդիպմանը, ապա դրա արդյունքներն ընդունելու հետ կապված խնդիր ո'չ ԵԱՀԿ-ն և ո'չ էլ ՄԽ համանախագահները չեն կարող ունենալ:
Այստեղ առաջանում է մյուս բնական հարցը: Այդ դեպքում ինչո՞ւ է Երևանը համաձայնել, առանց իր պայմանների կատարման, գնալ գագաթաժողովին: Պետք է ենթադրել, որ Երևանը չի գտել դրանից խուսափելու տարբերակ: Առաջին պատճառը Մոսկվայի անասելի քաղաքական ճնշումն է, որի էֆեկտիվության վրա ՌԴ իշխանությունները խաղադրույք են կատարում և շահում գրեթե միշտ: Երկրորդ և թերևս շատ ավելի լուրջ պատճառն այն է, որ Վիեննայում հայաստանյան պատվիրակությունը չէր կարողացել հստակ ամրագրել, որ հրադադարի ռեժիմի ամրապնդման մեխանիզմների ներդրումը հենց բանակցությունների նախապայման է, և որ առանց դրանց բավարարման` կարգավորմանն ուղղված որևէ բանակցություն սկսվել չի կարող: Այսինքն` գործնականում որևէ հենման կետ Երևանը չուներ` հրաժարվելու համար այդ մեխանզիմների ներդրման միջոցառումներին զուգահեռ կազմակերպվելիք բանակցություններին մասնակցելուց, ինչը և օգտագործվում է Մոսկվայի և միջնորդավորված՝ ՄԽ մյուս համանախագահող երկրների կողմից:
Այլ հարց է, թե ինչ է պատրաստվում անել ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգում` իսկապե՞ս մտնել «կազանյան» տրամաբանությամբ ԼՂ հիմնահարցի կարգավորման բանակցությունների մեջ, թե՞ փորձելու է այդ հանդիպումը ծառայեցնել Երևանի հստակ պահանջները շարադրելուն, նախապայմանները վերահաստատելուն: Մեկ բան պարզ է` եթե Երևանը մտնի ԼՂ հարցով բովանդակային որևէ քննարկման կամ բանակցության մեջ, ապա կարելի է ոչ միայն մոռանալ հրադադարի ամրապնդման միջնորդների ու Ադրբեջանի հանձնառությունների մասին, այլև պետք է սպասել, որ Բաքուն կրկին կանցնի պատերազմի սպառնալիքի շանտաժային քաղաքականությանը:
Գևորգ Դարբինյան