կարևոր
3232 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-25 17:40
Քաղաքական

Երևանի և Բաքվի գաղտնի պայմանավորվածությունները

Երևանի և Բաքվի գաղտնի պայմանավորվածությունները

Հայ-ադրբեջանական հարաբերություններում զարգացումները նոր փուլ են թևակոխել։ Պաշտոնական հայտարարություններում այս փաստը դեռևս տեսանելի չէ, սակայն գետնի վրա տեղի ունեցող զարգացումները վկայում են իրավիճակ փոխող ակտիվ գործընթացների մասին։ Այսպես՝ մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում Ադրբեջանի զինված ուժերը խախտել են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում1։ Մի քանի օր անց ադրբեջանական կողմը նոր դիրքեր է տեղադրել նաև ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հողերում2։

Ադրբեջանի այս ագրեսիվ գործողություններին հայկական կողմը համարժեք պատասխան չի տվել։ Ավելին, ըստ Երևանից հնչող հայտարարությունների՝ հայկական կողմն իրավիճակին մոտենում է էսկալացիա թույլ չտալու տրամաբանությամբ: Բնականաբար, Ադրբեջանն օգտվում է Հայաստանի այս մոտեցումից և ամեն հաջորդ շրջափուլին նոր, ավելի հանդուգն քայլեր է կատարում հայկական երկու պետությունների հետ հարաբերություններում։

Մյուս կողմից՝ գնալով ավելի ու ավելի հիմնավոր են դառնում կասկածներն այն մասին, որ Ալիևն ու Փաշինյանը կրկին սկսել են սինխրոն գործել։ Մեկ կողմի ակտիվության լույսի ներքո մյուսի տոտալ անգործունեությունն այլ բան չի կարող նշանակել։ Դա է պատճառը, որ մենք դառնում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանագծման և սահմանազատման գործընթացի ականատես։ Ընդ որում, ինչպես դրա մասին բազմիցս նշել է Իլհամ Ալիևը, այդ գործընթացն անց է կացվում Ադրբեջանի պայմաններով․ վերջիններս ստրատեգիական նշանակության բնագծեր են գրավում ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով։

Կարծում եմ՝ շատերն են արդեն հասկացել Ալիև-Փաշինյան զույգի գործելաոճը։ Նստում, միմյանց հետ գաղտնի պայմանավորվածություններ են ձեռք բերում, հետո դրանք կյանքի կոչելու պատասխանատվությունը դնում միջին և ցածր օղակների վրա։ Որքան ցածր, այնքան լավ։ Արդյունքում այնպիսի վիճակ է ստեղծվում, որ օրինակ, բանակային կորպուսների կամ նույնիսկ գնդերի հրամանատարները ադրբեջանցիների հետ են «բանակցում» ու փաստացի սահմանազատում իրականացնում։ Իսկ երբ որևէ բան ընթանում է ոչ այնպես, ինչպես «պետք է», հենց իրենք էլ պատասխանատվության են ենթարկվում։

Սա ձեռք բերված պայմանավորվածությունները գաղտնի կյանքի կոչելու քաղաքականություն է։ Հայաստանի հանրությունը գրեթե տեղյակ չէ, թե ինչ է կատարվում սահմանում։ Նույնիսկ սահմանամերձ շրջանների բնակիչներն են անտեղյակ: Այս կամ այն իրադարձությանը նրանք արձագանքում են միայն այն բանից հետո, երբ իրենց աչքով տեսնում են իրենց վարելահողերի վրա մարտական դիրք տեղադրող թշնամուն։ Իսկ պետությունը, ինչպես նշեցինք, ամեն ինչ անում է, որպեսզի հանրությունը շարունակի անտեղյակ լինել գետնի վրա տեղի ունեցող զարգացումներից։ Այսպես՝ Տեղ գյուղում թշնամու կողմից ՀՀ տարածքներ ներխուժելու փաստի հայտնի դառնալու հաջորդ օրը՝ ապրիլի 1-ին, ՀՀ ԱԱԾ-ն նոր հայտարարություն տարածեց, որտեղ նշվում էր․ «Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել ՀՀ և ԱՀ ներկայացուցիչների միջև, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որոնց շնորհիվ տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է»3։ Ահա այդ «էականորեն բարելավված» իրավիճակում էլ ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ4: Բախումների հետևանքով 4 հայ զինվոր է զոհվել…

Արդեն հիշատակված գաղտնի պայմանավորվածություններով է բացատրվում նաև այն փաստը, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների և արտաքին գործերի նախարարության մակարդակով հայտարարությունները բավական զգուշավոր են։ Ավելին, պաշտոնական Երևանն ու Բաքուն ամեն ինչ անում են, որպեսզի միջնորդ երկրները հնարավորինս քիչ միջամտեն իրենց հարաբերություններին։ Փաշինյանի ու Ալիևի ջանքերով զգալիորեն պասիվացել են ոչ միայն Մոսկվայի, այլև Բրյուսելի և Վաշինգտոնի միջնորդական ջանքերը։ Արդեն քանի ամիս է վերջիններիս չի հաջողվում Հայաստանի և Ադրբեջանի ո՛չ արտգործնախարարների, ո՛չ էլ առավել ևս ղեկավարների հանդիպում կազմակերպել։

Ստեղծված վիճակն, իհարկե, ձեռնտու է ադրբեջանական կողմին։ Ինչպես արդեն նշեցինք, Ադրբեջան-Արցախ և Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում ամեն ինչ այս ամիսներին փոխվում է հօգուտ Ադրբեջանի։ Ըստ այդմ՝ հարց է առաջանում․ Փաշինյան-Ալիև պայմանավորվածություններում կա՞ն արդյոք Ադրբեջանի համար սահմանված լիմիտներ։ Այսինքն՝ ո՞րն է հայկական կողմի զիջումների այն սահմանը, որից անդին Ալիևը ստիպված կլինի զսպել իր ախորժակը։ Եվ եթե կա նման սահման, ինչը հուսով ենք, որ այդպես է, ապա ո՞վ է գծել այդ սահմանը։

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող իրադարձությունները բավական մեծ արձագանք են գտնում հարևան Իրանում։ Պաշտոնական Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ Հարավային Կովկասի քաղաքական քարտեզի փոփոխությունն իր համար անընդունելի է։ Ավելի համոզիչ լինելու համար իրանական կողմը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանում՝ հընթացս ուղիղ սպառնալիքներ հղելով ադրբեջանցիներին։ Այդ երկու երկրների հարաբերություններն աննախադեպ լարվածության փուլում են։ Փորձագետները նույնիսկ չեն բացառում Ադրբեջանի և Իրանի միջև ռազմական բախման հնարավորությունը։ Պատճառը մեկն է՝ ՀՀ տարածքով դեպի Նախիջևան տանող միջանցք ունենալու Ադրբեջանի ցանկությունը։ Իրանում թուրք-ադրբեջանական դաշինքի այդ ծրագիրը երկրի անվտանգությանը սպառնացող լուրջ մարտահրավեր են ընկալում։

Թվում է՝ այս փուլում Իրանն առաջինն է որոշակի կարմիր գծեր գծել Ադրբեջանի համար և ամեն ինչ անում է, որպեսզի Ալիևի վարչակազմն այդ գծերը չխախտի։ Սակայն խնդիրն այն է, որ Թեհրանի ու Երևանի հարաբերությունները շատ հեռու են վստահելի լինելուց։ Պատճառը ՀՀ իշխանությունների խիստ արևմտամետ քաղաքականությունն է։ Հատկապես այն բանից հետո, երբ Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանում եվրոպացի դիտորդներ տեղակայեց, հայ-իրանական հարաբերություններն էլ ավելի լարվեցին։ Իրանի՝ տասնամյակներ շարունակ իրականացվող քաղաքականության հիմնական նպատակներից մեկն իր սահմաններում արևմտյան ուժերի ներկայության բացառումն է եղել։ Իսկ հիմա իրենց համար ռազմավարական առանձնահատուկ կարևորություն ունեցող Հարավային Կովկասում եվրոպացի դիտորդներ են տեղակայվել, որոնք, ըստ մամուլում հայտնվող տեղեկությունների, նաև հետախուզական գործառույթներ են իրականացնում։

Իրանում այս փաստը միանշանակ գնահատականի է արժանացել։ Ընդ որում, եվրոպացի դիտորդների պատճառով լարվել են ոչ միայն հայ-իրանական, այլև ռուս-իրանական հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ Հարավային Կովկասը Թեհրանում ընկալվում էր որպես ռուսական պատասխանատվության գոտի, և հիմա իրանական կողմը մեղադրում է Ռուսաստանին մեր տարածաշրջանում իրավիճակը վերահսկողությունից դուրս թողնելու մեջ։

Ելնելով այս ամենից՝ Իրանում որոշել են ինքնուրույն զբաղվել Հարավային Կովկասի խնդիրներով։ Իսկ դա նշանակում է, որ կարմիր գծեր են գծվել ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի համար։ Թեհրանում չեն բացառում մեր տարածաշրջանում իրենց շահերը պաշտպանելու նույնիսկ ռազմական միջոցները։ Սա, իհարկե, ծայրահեղ սցենար է, բայց այն քննարկվում է։ Դրանով հանդերձ, սակայն, Իրանը դեռևս սպառված չի համարում Հայաստանի և Ռուսաստանի հետ անվտանգության հարցերում համագործակցության հնարավորությունը։ Պարզապես իրանական կողմը ցանկանում է, որ այս երկու երկրներն ավելի հետևողական լինեն տարածաշրջանում թուրքական գործոնի ուժեղացման դեմ պայքարում և թույլ չտան այլ երկրներին մուտք գործել Հարավային Կովկաս։

Հայաստանում և Արցախում Ադրբեջանի հնարավորությունները սահմանափակելու հարցում պետք է հետաքրքրված լինի նաև Ռուսաստանը։ Կարծում ենք՝ այդպես էլ կա, սակայն ավելի երկարաժամկետ հեռանկարում։ Մեր օրերում Ռուսաստանը միայն մեկ խնդիր ունի՝ Ուկրաինան։ Մոսկվայում համարում են, որ Ուկրաինայում իրենք պատերազմում են ամբողջ Արևմուտքի դեմ և վստահ են, որ այդ պատերազմում հաղթելուց հետո կկարողանան շատ արագ շտկել իրավիճակը նաև այլ տարածաշրջաններում։ Թուրքիայի աջակցությունը շատ կարևոր է Ռուսաստանի համար։ Այդ իսկ պատճառով Մոսկվան չի ցանկանում որևէ այնպիսի քայլ անել, որը խնդիրներ կառաջացնի Անկարայի հետ հարաբերություններում։ Հուրախություն Ռուսաստանի՝ Հայաստանի իշխանությունները գործնականում ոչինչ չեն անում, որպեսզի ռուս-թուրքական համագործակցությունը չլինի ի հաշիվ հայկական շահի։ Անշուշտ դա ցանկալի չէ նաև Ռուսաստանի համար, բայց, ինչպես արդեն նշեցինք, ժամանակավոր լուծում է, որն օգնում է ռուսական կողմին խնդիրներ լուծել Ուկրաինայում։

Այս ամենը ցույց է տալիս, որ իրավիճակը Հարավային Կովկասում բավական անորոշ է։ Այստեղ առկա է ամեն ինչ՝ և՛ թուրք-ադրբեջանական դաշինքի էքսպանսիա, և՛ Ռուսաստանի հարմարվողականություն, և՛ Իրանի դիմադրություն, և՛ Հայաստանի զիջողականություն…

Մինչդեռ հայկական երկու պետությունների շահը պահանջում է բացառապես մեկ բան՝ դիմադրություն։ Դրա քաղաքական ռեսուրսը Հայաստանն ունի։ Ճիշտ կառավարման պարագայում կարող է ունենալ նաև տնտեսական և ռազմական ռեսուրսներ։ Պաշտոնական Երևանը պարզապես պարտավոր է անվտանգության հարցերում համագործակցել Իրանի և Ռուսաստանի հետ՝ իր ճիշտ վարքագծով պարտադրելով այս երկու հզոր երկրներին Թուրքիային և Ադրբեջանին զսպելու քաղաքականություն իրականացնել։ Փոխարենը, ինչպես արդեն նշեցինք, Փաշինյանի կառավարությունը գնում է Ալիևի հետ գաղտնի պայմանավորվածությունների և Արևմուտքի հետ համագործակցելով՝ Ռուսաստանի ու Իրանի ազդեցությունը Հարավային Կովկասում նվազեցնելու ճանապարհով։ Փաշինյանի այս քաղաքականությունն ամեն օր ծանր հետևանքներ է առաջացնում Հայաստանի և Արցախի համար։ Իսկ հայ հանրությունը օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով շարունակում է հանդուրժել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։

________________________

Հղումներ

1. Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել, 25.03.2023 թ., https://armenpress.am/arm/news/1107223.html։

2. ՀՀ ԱԱԾ հաղորդագրություն, 30.03.2023 թ., https://www.sns.am/hy/news/view/830։

3. ՀՀ ԱԱԾ հաղորդագրություն, 01.04.2023 թ., https://www.sns.am/hy/news/view/834։

4. ՀՀ պաշտպանության նախարարություն, 11.04.2023 թ., https://mil.am/hy/news/11402։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Դրօշակ» թիվ 4 , 2023