կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-14 16:10
Հասարակություն

Երբ փակվի Ալավերդիի միջպետական ճանապարհը, նախընտրելի կլինի օգտվել Ստեփանավան-Օձուն ճանապարհից

Երբ փակվի Ալավերդիի միջպետական ճանապարհը, նախընտրելի կլինի օգտվել Ստեփանավան-Օձուն ճանապարհից

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ՀՀ և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրված` «Հայաստան Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագիրը: Հիմնական զեկուցող` տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը նշեց, որ Վանաձոր-Ալավերդի- Վրաստանի սահման ուղղությամբ ճանապարհահատվածը կարդիականացվի, շինարարական աշխատանքները կտևեն 3 տարի: Կվերանորոգվեն այդ հատվածի վտանգավոր 3 թունելները: Նախատեսվում է հիշյալ հատվածում երթևեկելի գոտու լայնացում՝ եռաշերտ ճանապարհ:

Փոխնախարարի խոսքով` բարձրակարգ ճանապարհ է լինելու, եթե ոչ` առաջին կատեգորիայի, ապա` երկրորդ կատեգորիայի:

Ըստ Առաքելյանի` պայմանագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 51.000.000 եվրո գումարի չափով փոխառություն Մ6 միջպետական ճանապարհի՝ Վանաձորի եւ Բագրատաշեն միջև ընկած մոտ 90 կմ երկարությամբ հատվածի վերականգնման եւ արդիականցման նպատակով: Ըստ համաձայնագրի արձանագրության` նախատեսվում է ճանապարհի վերականգնման եւ արդիականացման աշխատանքներ կատարել` Վանաձորի քաղաքային գոտում` 6,7 կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում` 43,9 կմ, Ալավերդու քաղաքային գոտում` 3,4 կմ, Ալավերդի-Վրաստան սահմանի հատվածում` 36,3 կմ:

Շինարարությանը հատկացվել է 36 ամիս՝ 2017-2020 թվականները:

Փոխնախարարին հարց ուղղեց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նրան` որպես ալավերդցու, հետաքրքրում է այդ ծրագիրը և հուսով է, որ այն շատ արագ կիրագործվի: Շարմազանովը նշեց, որ հիշյալ ճանապարհահատվածը շատ նեղ էր, չէր համապատասխանում «միջպետական ճանապարհ» ասվածին: «Թունելների վիճակն էլ անմխիթար էր, և երբ մի բեռնատար մոտենում էր թունելին, խեղճ լոռեցիները սպասում էին, թե երբ է կաթվածահար եղած երթևեկությունը վերականգնվելու»,- ասաց նա:

Շարմազանովի խոսքով՝ ենթադրվում է, որ երբ սկսվի ճանապարհի լայնացումը, այն պետք է փակվի, երկու ճանապարհ կա Ալավերդի հասնելու, իսկ ո՞ր ճանապահով է նախընտրելի, որ մարդիկ հասնեն Ալավերդի:

Փոխնախարարը պատասխանեց, որ նախընտրելի կլինի Ստեփանավան-Օձուն ճանապարհը, որովհետև այն ավելի բարեկարգ է: