կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-31 13:28
Քաղաքական

Երբ մարդիկ իրենց մեջ չեն գտնում պատճառները, ասում են` Դաշնակցությունը միշտ կա, նրան մեղադրենք, հարցը փակվի. Ռուստամյան

Երբ մարդիկ իրենց մեջ չեն գտնում պատճառները, ասում են` Դաշնակցությունը միշտ կա, նրան մեղադրենք, հարցը փակվի. Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ-ի` արտահերթ ընտրություններին մասնակցության ցուցակը դեռ կազմված չէ, նաև որոշված չէ, թե ով է գլխավորելու ցուցակը:

Հարցին` հնարավո՞ր է ցուցակում լինեն անակնկալ անուններ, Ռոսւտամյանը պատասխանեց, որ կյանքը լի է անակնկալներով, այո, կարող են նաև այդպիսի անակնկալներ լինել:

Դիտարկմանը` ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե ՀՅԴ-ն ռեյտինգային թեկնածուներ չունի, և  երկու տոկոսանոց շեմը հաղթահարելու դրույթը նվեր էր մի շարք կուսակցությունների, այդ թվում` Դաշնակցությանը, Ռուստամյանն արձագանքեց. «Մեր ռեյտինգայինները որ հիմա այստեղ պատգամավոր են, բա ովքե՞ր են, նրանք ռեյտինգային չե՞ն: Ամեն մեկը թող իրենից խոսի: Հատկապես այս նախընտրական փուլում կոչ եմ անում չհրապուրվել և այնպիսի բաներ չխոսել, որ հետո չկարողանան պատասխան տալ: Այս փուլը կանցնի: Մի քիչ ավելի օբյեկտիվ եղեք ձեր գնահատականներում և խոսեք ամեն դեպքում ճիշտը»:

Նա ասաց, որ իրենք ԸՕ փոփոխությունների նախագծի վրա շատ լուրջ ջանք են թափել, որ վերացվի գործող ռեյտինգային ընտրակարգը: «Այս ամենը մեր մոտեցումն է եղել: Հիմնական պատճառը, որ  ԸՕ նախագծի ընդունումը տապալվեց, պետք է փնտրել այնտեղ, որ դեկտեմբեր ամիսը դրվեց, և սկսվեց այս ամենը: Այս գլխավոր պատճառը թողել, սկսել են տարբեր տեղեր մեղավորներ փնտրել»,- նշեց պատգամավորը:

Դիտարկմանը, թե դեկտեմբերին արտահերթ ընտրություններ լինելու էին, քանի որ վարչապետը հրաժարական էր տվել, և խնդիրը հի՞ն, թե՞ նոր ԸՕ-ով արտահերթին գնալու մեջ էր, Ռուստամյանն արձագանքեց, որ բոլոր դեպքերում ունենում ենք մի վիճակ, երբ շատ սեղմ ժամկետներում տեղավորվելու հարց է առաջացնում: «Դեկտեմբերը բերեց նրան, որ ունենալու ենք երկու ելք, որոնցից երկուսն էլ նորմալ չեն մեր երկրի համար: Առաջինը` նոր ԸՕ-ն չի ընդունվում, ունենում ենք հինը, որը լավ չէ, երկրորդ` ընդունում ենք, ունենում ենք  ամենաշատը մեկ ամիս ժամանակ նոր ԸՕ-ով ընտրություններ անցկացնելու համար, ինչը նույնպես լավ չէ: Հենց սկզբից էլ մենք սրա մասին ասել ենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՅԴ-ին մեղադրում են ՀՀԿ-ի հետ ստվերային համաձայնության գալու և ԸՕ-ն տապալելու մեջ, պատգամավորը շեշտեց. «Դե ասում եմ` Դաշնակցությանը մեղադրել են Թիֆիլիսում կառքի շուռ գալու մեջ էլ, մենք դրան սովոր ենք: Երբ մարդիկ իրենց մեջ չեն գտնում պատճառները, ման են գալիս` ում գտնեն, և պարզվում է` դե Դաշնակցությունը միշտ կա, մի հատ եկեք Դաշնակցությանը մեղադրենք, հարցը փակվի»:

Հարցին` ՔՊ պատգամավորներից մեկն ասել էր, թե ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ գաղտնի բաներ է անում, ԸՕ-ի տապալումն այդ գաղտնի պայմանավորվածությունը չէ՞ր, Ռուստամյանը պատասխանեց, որ այդ նույն տրամաբանությամբ կարող են ասել, թե ՀՅԴ-ն պայմանավորվել է նաև Հռոմի պապի հետ: «Սա ի՞նչ տրամաբանություն է, այս մոտեցումներով շատ հեռուն կարելի է գնալ: Ես էլ կասեմ, որ իրենք են ամեն ինչ արել, որ ձախողվի: Սաբոտաժը հենց իրենց կողմից, է, որովհետև երկու ոտը մեկ կոշիկի մեջ դնել ու պնդել, որ հենց դեկտեմբերին պետք է լինի, սաբոտաժը հենց այդտեղից սկսվեց, ուրեմն իրենք են պայմանավորվել ՀՀԿ-ի հետ: Սա ի՞նչ տրամաբանություն է: Մարդկանց այդպես մեղադրելը շատ սխալ ճանապարհ է: Մենք կողմ ենք քվեարկել, ՀՀԿ-ն դեմ է եղել»:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին, թե ՀՅԴ-ն համագործակցում է Գուրգեն Արսենյանի հետ, Ռուստամյանն ասաց. «էս ի՞նչ թազա բան էր, էլ ի՞նչ կա օդում պտտվող, մի քիչ լուրջ վերաբերվեք, էլի»:

Ինչ վերաբերում է նրան, թե երկրորդ փուլում ինչպես են քվեարկելու վարչապետի ընտրությանը, պատգմավորը հայտնեց. «Ինչպես  չենք քվեարկել առաջին փուլում, այդպես էլ չենք քվեարկելու»: