Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության հրավիրած` ԱԺ արտահերթ նստաշրջանն է գումարվել: Շարունակվում է նախորդ հերթական քառօրյա նիստում սկսված` հարկային նոր օրենսգրքի քննարկումը:
Հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա կարծիք հայտնեց, որ այս հարկային օրենսգրքով իշխանությունները փորձում են հերթական անգամ «ֆռռացնել»: Հրանտ Բագրատյանի խոսքով՝ վեց ուղղությամբ հարկերի ավելացում է տեսնում այս նոր օրենսգրքով. ավելանում են բենզինի ու ծխախոտի ակցիզային հարկը, անհատ ձեռներեցների ամսական շահութահարկը և այլն:
«Ցույց տվեք թեկուզ մեկ ուղղությամբ հարկերի ցածրացում»,- պահանջեց Հրանտ Բագրատյանը:
Նա հարցրեց, թե արդյո՞ք հարկային նոր օրենսգիրքն անցել է փորձագիտություն: Ըստ պատգամավորի` արդեն փորձում են ամրագրել, որ ԱԱՀ-ն գանձվի սահմանին, այդ դեպքում այն դառնում է մաքսատուրք:
Հրանտ Բագրատյանը հարցրեց նաև դիվիդենդների մասին, ինչը ենթադրում է կրկնակի հարկում:
Վախթանգ Միրումյանը նշեց, որ 5 հազար դրամները վերաբերում են այն անհատ ձեռնարկատերերին, ովքեր գործում են հարկման այլընտրանքային համակարգերում, առաջարկվում է դա պահպանել, այսինքն` այդ ուղղությամբ հարկերի ավելացում չի նախատեսվում:
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ն կարող էր լինել 2015թ. ֆինանսական պատկերը, եթե հարկային օրենսգիրքը կիրառվեր 2015-ին, Միրումյանն ասաց, որ դրական եկամուտները բյուջեում կլինեին ՀՆԱ-ի 1,8 տոկոսային չափով:
Ինչ վերաբերում է սահմանին հարկելուն, նա նշեց, որ լավ կլիներ լինեին այն հնարավորությունները, որ հարկումը սահմանից տեղափոխեին, սակայն կան ոլորտներ, որոնց դեպքում հրաժարվում են սահմանին հարկելուց:
«Այո, եթե կարողանայինք սահմանից տեղափոխել հարկումը, գուցե շատ ավելի լավ կլիներ, բայց պետք է նկատի ունենալ, որ այսօր մաքսային մարմինների կողմից գանձվում է մեր ամբողջ հարկային եկամուտների շուրջ 20 տոկոսը, որը վերաբերում է ԱԱՀ-ին: Ուստի ակնհայտ է, որ դրա ազդեցությունը մեծ է»,- ասաց Վախթանգ Միրումյանը՝ հավելելով, որ հարկ վճարողների 90 տոկոսը այլընտրանքային հարկման դաշտում են:
Ինչ վերաբերում է դիվիդենդներին, նա նշեց, որ կա կարծիք, որ այն կրկնակի հարկում է իրենից ներկայացնում` մեկ անգամ հարկվելով կորպորատիվ մակարդակում, մյուս անգամն էլ` ոչ կորպորատիվ մակարդակում: «Մեր կարծիքով` սա կրկնակի հարկում չէ»,- ասաց ՊԵԿ փոխնախագահը:
Հրանտ Բագրատյանը արձագանքեց, որ դիվիդենդ հարկելը եկամուտները կրկնակի հարկել է նշանակում, ճիշտ է` Անգլիան ու Ֆրանսիան կրկնակի հարկում են, բայց նոր զարգացող պետությունների համար դա սխալ է: