կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-09 13:33
Քաղաքական

Մեր միլիարդատեր պաշտոնյաները ո՛չ Մանթաշովի թոռներն են, ո՛չ Ռոքֆելերի «պրյամոյ» ժառանգները. Զոհրաբյան

Մեր միլիարդատեր պաշտոնյաները ո՛չ Մանթաշովի թոռներն են, ո՛չ Ռոքֆելերի «պրյամոյ» ժառանգները. Զոհրաբյան

Քննարկումները գրեթե կիսադատարկ դահլիճում էին անցնում, սարսափելի ձանձրալի, ինչո՞ւ ձանձրալի, որովհետև հերթական անգամ քննարկումները հիշեցնում էին պրոֆտեխուսումնարանի հաշվապահական, հաշվառման դասընթացներ` տվել են այսքան, ծախսել են այսքան. այսօր խորհրդարանում այսպես սկսեց իր ելույթը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ դատարկ դահլիճի համար պատգամավորները չէ, որ մեղավոր են, պատճառն այն է, որ զուտ թվեր են ներկայացվում և չեն տրվում որակական գնահատականներ:

«Մեզ հետաքրքրում էին թե՛ բովանդակային հարցերի պատասխանները, թե՛ ոլորտի քաղաքական պատասխանատուների պատասխանները, բայց քանի որ բազմաթիվ ոլորտների առաջին դեմքեր հերթական անգամ հարկ չհամարեցին ներկայանալ բյուջեի կատարողականի քննարկմանը, մենք ստիպված էինք հաշվառման կուրսեր լսել»,- ասաց Զոհրաբյանը:

Պատգամավորին մտահոգել է նաև այն, որ շատ գերատեսչությունների ղեկավարներ չեն ներկայացնում զեկույցները: «Պատճառն այն չէ, որ մենք գերագույն հաճույք ենք ստանում նրանց ներկայությունից, և անպայման կցանկանայինք նրանց տեսնել կատարողականը ներկայացնելիս, պարզապես բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, և քաղաքական փաստաթղթի ոլորտի պատասխանատուները պետք է ներկայանան, ոչ թե նրանց տեղակալները: Հիմա կրկին հայտարարվեց «սրբազան» պայքար կոռուպցիայի դեմ, ինչո՞ւ չկա քաղաքական ուժերի և հանրության շրջանում վստահություն այդ պայքարի հանդեպ: Քավ լիցի, թող մենք ամենահոռետեսները լինենք, և թող այդ պայքարն իրական արդյունք տա, բայց երբ ասում են` երեքշաբաթյա ժամանակ ենք տալիս մոնոպոլիաների դեմ պայքարի համար, կներեք, ես իրավունք ունեմ չհավատալու: Առաջարկում եմ դուրս գալ Բաղրամյան պողոտա և շարքային քաղաքացիներին հարցնել, թե ովքեր են Հայաստանի մոնոպոլիստները»,- ընդգծեց Զոհրաբյանը:

Պատգամավորը ևս մեկ անգամ հիշեցրեց կառավարության հետ հարցուպատասխանից մի հատված: «Էդ ինչպե՞ս է լինում, որ մարդը ստանում է պաշտոն, և մի տարի հետո նրա զոքանչը, ով երեք տարի առաջ Արաբկիրի շուկայում գազար էր վաճառում, դառնում է միլիոնատեր: Էնպես որ` հիմա, որ ասում են` պետք է կեղծ հայտարարագրերի դեմ պայքար մղենք, դա էդքան էլ չեմ հասկանում. մեր բոլոր միլիոնատեր կամ միլիարդատեր պաշտոնյաները, որքանով ուսումնասիրել եմ կենսագրությունները, ո՛չ Մանթաշովի թոռներն են եղել, ո՛չ Ռոքֆելերի պրյամոյ ժառանգները, ո՛չ էլ գանձ են գտել, բայց, չգիտես ինչու, նրանց բաջանաղները, քենիները և հատկապես` զոքանչները միլիոնատերեր են: Հիմա դա ո՞նց է կարգավորվելու, ո՞նց ենք ապացուցելու, որ անօրինական է: Բերում են հայտարարագիր, այնտեղ ամեն ինչ օրինական է, իրենք էլ պատրաստ են պապայի արևով երդվել, որ միլիոններն օրինական են»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: