Որքան էլ հարցը հռետորական հնչի, սակայն այն իրականությունը որ կա այժմ Հայաստանում, այն իրականությունը, որ կա Սյունիքի շուրջ եւ այն «խաղերը» որոնք խաղացվում են Սյունիքի առնչությամբ Հայաստանի իշխանությունների կողմից, մոտավորապես նույնն են, ինչ հեռավոր 1920-21 թթ, երբ կրկին կենաց մահու պայքար էր մղվում Սյունիքի համար՝ Գարեգին Նժդեհի ղեկավարությամբ։ Այն ջանասիրությունը, որով, ինչպես Գեղամ Մանուկյանն է նկատում երեք պատերազմում չծնկած շուռնուխցուն են ստորացնում հիմա, որպեսզի «մոլագարը- (իմա՝ Նիկոլ Փաշինյանը)- տեսնի ու իրեն բավարարված զգա», նույնիսկ ադրբեջանցիների մոտ կարող է զարմանք հարուցել։

Ինչ է ստացվում․ 44-օրյա պատերազմից անցել է մոտ վեց ամիս։ Պատերազմի ավարտի արդեն հաջորդ օրն իսկ խոսվում է պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների մասին թե մամուլում թե հանրային-քաղաքական տարբեր ֆորմատներում։ Սակայն ոչ Ոստիկանությունը, ոչ Դատախազությունը, ոչ ԱԱԾ-ն ոչ այլ ուժային կառույց մատը մատին չի տալիս, որպեսզի այդ հանցագործությունների հետ կապված ինֆորմացիաներին ընթացք տա։ Բայց բավական է, որ Նիկոլ Փաշինյանն օրինակ հիստերիկանա, եւ բոլորը մի մարդու նման «հավսար-զգաստ» պատվի առած լծվել են «նրան բավարարելու «սրբազան պարտականությանը»»։

Սա արդեն ոչ միայն անթույլատրելի է առհասարակ, այլ նաեւ վիրավորական է ողջ ուժային համակարգի եւ այդ համակարգում աշխատող ամեն մի աշխատակցի համար։ Ու սա տեսնելով, կարելի է վստահաբար ասել, որ եւ Վահե Ղազարյանը, եւ Հայկ Գրիգորյանը, եւ Արմեն Աբազյանը, եւ Արթուր Դավթյանը, եթե Նժդեհն այսօր ապրեր, անպայման կձերբակալեին նրան, բանտ կնետեին, սովետական չեկիստներից ավելի վատ ձեւով նրա հարցերը կլուծեին, հատկապես, որ դա ոչ միայն Նիկոլ Փաշինյանին կգոհացներ, այլ նաեւ կգոհացներ Նիկոլ Փաշինյանի «կիրթ» ու «կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիեւին, ով անհուն թշնամանք ու ատելություն է տածում Հայաստանի, Հայ ժողովրդի ու հատկապես՝ Նժդեհի հանդեպ։

Հ․Գ․ Վստահաբար կարելի է ասել, որ ԱԱԾ տնօրեն Աբազյանի և գլխավոր դատախազ Դավթյանի երեխաները ամոթով են շրջելու և հայ տեսնելիս առնվազն պետք է փոխեն իրենց ճանապարհը։ Իրենց հայրերի թողած ժառանգությունն էլ այդպիսին է լինելու։