կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-18 13:34
Հասարակություն

Եթե մարդը վախճանվի, նրա կուտակած թոշակը կստանան ժառանգները

Եթե մարդը վախճանվի, նրա կուտակած թոշակը կստանան ժառանգները

Հայաստանում պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերն օրենսդրորեն սահմանափակված են. կառավարությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասաց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը:

 

Ըստ այդմ' ֆոնդերի ակտիվների  միայն 40 տոկոսով կարող են դրսում ներդրումներ կատարվել, իսկ 60 տոկոսով` երկրի ներսում: Հիմնական պատճառն այն է, որ այս հարաբերակցությունը փոխարժեքային տատանումների համար բնական ապահովագրություն է համարվում, քանի որ այդ համամասնությունում  ապահովությունը պահպանվում է: Իսկ երկրորդ պատճառն այն է, որ բաժնետոմսերի շուկան պետք է դեռ զարգանա  Հայաստանում, իսկ դրսում կան բարձրակարգ բաժնետոմսեր, որոնք բարձր եկամուտներ կարող են ապահովել' այդ ակտիվների կառավարման տեսակետից:

 

ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանն էլ նշեց, որ նոր համակարգով մարդիկ իրենց ներդրումները կանեն տարբեր ակտիվներում, որպեսզի դիվերսիֆիկացնեն դրանք: Ակտիվների կառավարչի սնանկացումն էլ, ինչպես հավաստիացնում են կառավարության ներկայացուցիչները, որեւէ ազդեցություն չի ունենալու կուտակված միջոցների վրա, քանի որ յուրաքանչյուր մարդու անձնական հաշիվները տրվում են մասնավոր կառավարչի, բայց` պետության հսկողությամբ ու երաշխավորությամբ:

 

«Փողի շարժը գանձապետարանից դեպի ակտիվի կառավարում, կատարվելու են պրոֆեսիոնալների միջոցով` սկզբում «Նասդաք Օ-ԷՄ-ԷՔՍ»-ի, իսկ հետո` պահառու բանկերի: Քաղաքացին ունի պորտֆելի դիվերսիֆիկացման հնարավորություն: Ի՞նչ կլինի, երբ ակտիվի կառավարիչը սնանկանա, ոչինչ. ակտիվի մեկ այլ կառավարիչ կգա, արժեթղթերը կփոխանցվեն նրան, ու նորից գործառույթները կկատարվեն»,- նշեց Ներսես Երիցյանը:

 

Այս պարագայում, պարզաբանեց նա, տարբեր տեսակի արժեթղթերում ու ոլորտներում են  ներդրումներ լինելու, եւ տարբեր տեսակի սնանկացումներն ու կորուստները չեն անդրադառնալու քաղաքացու վրա: Պետությունը նաեւ երաշխավորում է նոմինալ կենսաթոշակը: Այսինքն` պետությունը կենսաթոշակային տարիքում մարդկանց վճարելու է իրենց կուտակած թոշակը' գումարած գնաճը, ապա երաշխավորման ֆոնդից փոխանցվելու է պահանջվող գումարը:

 

Որպեսզի քաղաքացիների փողերը ավելի ապահով լինեն ֆինանսական շուկաներում ու չկորչեն, կան նաեւ սահմանափակումներ, թե մեկ թողարկողի մոտ ու մեկ երկրում որքան ակտիվներ կարող են կուտակվել. մի գործիքում այդ սահմանափակումը 10-20 տոկոսից ավելի կուտակումն արգելելն է, իսկ մյուս գործիքում' 5 տոկոսը:

 

Բացի այդ, հավաստիացրեց Երիցյանը, օրական կտրվածքով ԿԲ-ն համագործակցելու է միջազգային հեղինակավոր դեպոզիտարիայի հետ, ու այդ համագործակցության շնորհիվ իմանալու ենք, թե դրսի ու ներսի թղթերը որտեղ են ներդրվել, եւ քաղաքացիները կարող են տեսնել, թե իրենց պորտֆելներն ինչպիսի փոփոխություններ են ունենում:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է լինի այն դեպքերում, երբ մարդը կուտակել է բավականին միջոցներ, բայց մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը վախճանվել է, կամ երկարակյաց է ու ավելի շատ փող պետք է ստանա, քան հասցրել է կուտակել իր կյանքի ընթացքում:  Չօգտագործված գումարները, նշեցին կառավարության ներկայացուցիչները,  կվերադարձվեն ժառանգներին, իսկ եթե քաղաքացիները երկարակյաց լինեն, ապա կշարունակեն ապահովված ապրել, քանի որ դա համարվում է  հիմնադրամի ռիսկերից: