կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-22 18:20
Մշակույթ

Ռոքֆելերի արխիվի լուսանկարները կցուցադրվեն Հայաստանում

Ռոքֆելերի արխիվի լուսանկարները կցուցադրվեն Հայաստանում

Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Ռոքֆելերի արխիվային կենտրոնում պահվող` Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի լուսանկարների բացառիկ հավաքածուն. այս մասին yerkir.am-ին տեղեկացրին «Նարեկացի» արվեստի միությունից: 

 

Ցուցահանդեսի իրականացման գաղափարը պատկանում է «Նարեկացի» արվեստի միությանը: Ծրագիրը կիրականացվի Հայաստանում ԱՄՆ դեսպանության աջակցությամբ եւ ԱՄՆ Մերձավոր Արևելքի հիմնադրամի գործակցությամբ:

 

Հայաստան է բերվել շուրջ 200 արխիվային լուսանկար, որ «Հետքերով որբերի հայոց» խորագրի ներքո միաժամանակ կցուցադրվեն երեք տարբեր վայրերում` մայիսի 25-ից հունիսի 8-ը` Հայաստանի ազգային պատկերասրահում, մայիսի 26-ից հունիսի 8-ը` «Նարեկացի» արվեստի միությունում, իսկ մայիսի 27-ից հունիսի 8-ը` Գյումրու «Թռչունյան տուն» մանկատանը:

 

Նյու Յորքի Սլիփի Հոլլոու կալվածքում տեղակայված` Ռոքֆելերի կենտրոնը 20-րդ դարի մարդասիրական առաքելություններին նվիրված` աշխարհի ամենախոշոր պահոցներից է, որի շուրջ 60 մլն փաստաթղթերի, կես միլիոն լուսանկարների ու 2.000 ֆիլմերի հարուստ հավաքածուի մի զգալի մասն ուղղակիորեն առնչվում է հայոց պատմությանը, ի մասնավորի` Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի` Հայաստանում ծավալած որբախնամ գործունեությանը: Ցուցահանդեսները կուղեկցվեն Յոհաննես Լեփսիուսի`«Գերմանիայի արևելյան առաքելություն» միությանը («Deutsch Orient-Mission») հղած` «Հայոց չարչարանքն ու քրիստոնյա աշխարհի զորակցությունը» («Armeniernot unt Christenhilfe») տեսավավերագրական եռամաս զեկույցի ցուցադրությամբ:

 

Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեն, որ հայերեն գրականության մեջ նաև հայտնի է «Ամերիկյան փրկության կոմիտե», «Ամերիկյան կոմիտե» կամ պարզապես «Ամերկոմ» անուններով, իր 15-ամյա գործունեության ընթացքում շուրջ 116 մլն դոլարի (շուրջ 3 մլրդ այսօրվա փոխարժեքով) օգնություն է հատկացրել Հայոց Եղեռնի միլիոնավոր վերապրածների` հիմնելով շուրջ 200 որբանոց, բազմաթիվ հիվանդանոցներ, ամբուլատոր բուժարաններ ու կանացի ապաստարաններ Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Եգիպտոսի, Կիպրոսի, Հունաստանի, Բուլղարիայի, Եվրոպայի և ԱՄՆ տարբեր բնակավայրերում: Ավելի քան 132.000 որբեր են պահվել ու դաստիարակվել, կրթվել, արհեստներ ուսանել և այսպես կյանք մտել Կոմիտեի մանկատներում, որոնցից ամենամեծը, թերևս, այդ տարիներին «որբերի քաղաք» հռչակված Ալեքսանդրապոլի որբանոցն էր, որով էլ պայմանավորված է կայանալիք ցուցահանդեսի մի մասը Գյումրիում անցկացնելը:

 

Ցուցահանդեսին ընդառաջ «Նարեկացի» արվեստի միությունը հրատարակել է ներկայացվելիք արխիվային լուսանկարների ծավալուն ալբոմ, որն անվճար կնվիրվի ցուցահանդեսի բացմանը ներկա հյուրերին: