Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Էջմիածնում հուղարկավորեցին հունիսի 5-ին սպանված ըմբիշ, գործարար Համլետ Պատուրյանին: Նշենք, որ նրա սպանության գործով ձերբակալվել էր մի երիտասարդ, որին, Yerkir.am-ի տեղեկություններով, երեկ ազատ են արձակել:
Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ սպանություն կատարելու համար տվյալ կասկածյալին մեղադրանք չի առաջադրվել, քանի որ ստուգվել է նրա այլուրեքությունը (ալիբին) և պարզվել, որ նա սպանության կատարման պահին այլ վայրում է գտնվել: Տռուզյանը հայտնեց, որ այս պահին քրեական գործով այլ ձերբակալված անձ չկա: «Քննություն է ընթանում, առաջ քաշված վարկածները ստուգելու համար քննչական գործողություններ են կատարվում»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Պատուրյանը ՌԴ-ում զբաղվում էր բիզնեսով: Մեզ հետ զրույցում նրա անձնական մարզիչը` Լևոն Շառոյանը, հայտնել էր, որ Համլետը թշնամիներ չուներ: Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա փորձել է մեքենան կայանել ավտոտնակում: Պատուրյանի ուղղությամբ 4 կրակոց է արձակվել:
Հիշեցնենք, որ, նախնական տվյալներով, 2016 թվականի հունիսի 05-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում գտնվող ըմբշամարտի դպրոցի տարածքում, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Հ.Պատուրյանի ուղղությամբ` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ առաջ քաշված վարկածներն ստուգելու ուղղությամբ: