|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Yerkir.am-ի տեղեկություններով` երեկ գիշեր Էջմիածնում սպանված Համլետ Պատուրյանը հայտնի ըմբշամարտիկ էր և երկար տարիներ ՌԴ-ում բիզնեսով էր զբաղվում: Մեր տեղեկություններով` նա երկու անչափահաս որդիներ ունի` 14 և 12 տարեկան:
Yerkir.am-ի հետ զրույցում Պատուրյանի անձնական մարզիչ Լևոն Շառոյանը պատմեց, որ Պատուրյանը 1988-ից ըմբշամարտում բարձր արդյունքներ է ցուցաբերել` դառնալով Հայաստանի և միջազգային մրցաշարերի հաղթող ու մրցանակակիր: Նա արժանացել է նաև սպորտի վաստակավոր վարպետի կոչման:
«1993-ին գնաց Վոլգոգրադ, այնտեղ բիզնեսով էր զբաղվում և մշտապես օգնում էր մեր թիմին, հովանավորում էր մարզիկներին»,-ասաց մարզիչը` նշելով, որ նրա ջանքերով Էջմիածնում ըմբշամարտի նոր մարզադահլիճ էր կառուցվել:
Խոսելով դեպքի մասին` Պատուրյանը պատմեց, որ Համլետի տունը գտնվում է ըմբշամարտի մարզադպրոցի մոտ: «Մեքենան բերել է, որ ավտոտնակում կանգնեցնի, մեքենան մտցրել է ավտոտնակ, այդ ընթացքում կրակել են: Ոչ մեկ ոչ մի բան չի իմացել: Չենք հասկանում` ով է արել: Ում բռնել են, արդեն թողել են»,- ասաց նա:
Նշենք, որ մեր տեղեկություններով` տղամարդու ուղղությամբ 4 կրակոց է արձակվել:
Շառոյանի կարծիքով` Համլետը թշնամիներ չուներ: «Նա էնպիսի տղա չէր, որ թշնամի ունենար: Նա Էջմիածնում բացի լավից ուրիշ բան չի արել, բոլորին օգնում էր, աղքատ երեխեքին գումարով-բանով օգնում էր, համեստ, խելոք տղամարդ էր: Մեծ տղան ինձ մոտ է մարզվում, իսկ փոքրը ֆուտբոլի է գնում»,- ասաց նա:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ ըմբշամարտիկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր Էջմիածնի Սբ Շողակաթ եկեղեցում:
Հիշեցնենք, որ, նախնական տվյալներով, 2016 թվականի հունիսի 05-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, Էջմիածին քաղաքի Շահումյան 75 հասցեում գտնվող ըմբշամարտի դպրոցի տարածքում, կյանքից զրկելու դիտավորությամբ, կրակոցներ է արձակել Հ.Պատուրյանի ուղղությամբ` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել է քննչական պլան և ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ` առաջ քաշված վարկածներն ստուգելու ուղղությամբ: Մեկ անձ ձերբակալվել է: