կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-06-03 15:12
Հասարակություն

Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը. Լևոն Մկրտչյան

Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը. Լևոն Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել ԱՄՆ Խաղաղության կուրպուսի  (ԽԿ) կամավորների երդմնակալության արարողությանը, որը Հայաստանում անցկացվում է արդեն 24-րդ անգամ: Շնորհավորելով կամավորներին` նախարարը շեշտել է, որ իր համար հատուկ կարևորություն ունի ողջունել ԱՄՆ Խաղաղության կորպուսի երդում ստացած նոր կամավորներին:

«Հայ ժողովրդի համար ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունն ավելի քան հարյուրամյակի պատմություն ունի,  ցեղասպանությունից մազապուրծ եղած իմ պապը, մյուս հայ որբերի նման,  իր փրկությունը գտել է Ամերիկայի որբանոցներում, և այսօրվա կամավորականներն այդ ավանդույթների շարունակողն են:

Խաղաղության կորպուսի կամավորներն ամուր կապ են մեր երկու ժողովուրդների միջև, նրանք պետք է լինեն կամուրջը և երաշխավորը` արդեն մեր պետությունների միջև: Ցանկանում եմ, որ այսօրվա կամավորներն իսկապես զգան մեր ժողովրդի հյուրընկալության և հյուրասիրության մշակույթն ու քաղաքակրթորեն բաց ժողովուրդ լինելու առավելությունը»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Նախարարը կարևորել է նաև այն հանգամանքը, որ Խաղաղության կորպուսի կամավորներն իրենց գործունեությամբ խաղաղություն և հանդուրժողականություն են տարածում:  «Հայ ժողովուրդը շատ լավ գիտի խաղաղության գինը, և մենք մշտապես զգացել ենք ամերիկյան ժողովրդի աջակցությունը խաղաղության ամրապնդման գործում»,- ավելացրել է նա: 

Հայաստանում  ՄՆ  փոխդեսպան Քլարք  Փրայսը նշել է, որ Խաղաղության կորպուսի կամավորները, ապրելով Հայաստանի համայնքներում, դառնում են  առաջնագծի դեսպաններ, ովքեր, տարածելով ամերիկյան մշակույթը, միաժամանակ տիրապետում են հայերեն լեզվին ու մշակույթին: «Արժեքներ, որ հետո մեր կամավորներն իրենց հետ տանելու են Միացյալ Նահանգներ»,- ասել է փոխդեսպանը:

Իր հերթին ԱՄՆ Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Չարլզ Էնսիսոն շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը իրենց գործունեությանն աջակցելու համար, մասնավորապես` ՀՀ կրթության և գիտության նախարարությանը` անգլերեն լեզվի ուսուցմանը մասնագիտական օգնություն ցուցաբերելու և այլ ծրագրերի աջակցելու համար: